Թուրքիայի առևտրի նախարարությունը տեխնիկական կարևոր փոփոխություն է իրականացրել մաքսային համակարգում՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում: Ինչպես հայտնում է «Սաբահ» թերթի լրագրող Բարիս Շիմշեքը (Baris Simsek), մաքսային դեկլարացիաներում այսուհետ հնարավոր կլինի ուղղակիորեն նշել Հայաստանի պաշտոնական կոդը՝ «077», երրորդ երկրների միջոցով իրականացվող ներմուծման, արտահանման և տարանցիկ գործառնությունների ժամանակ: Այս փոփոխությունն արտացոլվել է նաև մաքսային հաշվառման համակարգում (BİLGE): Բարիս Շիմշեքի փոխանցմամբ՝ Թուրքիան և Հայաստանը շարունակում են քայլեր ձեռնարկել առևտրային կապերի աշխուժացման ուղղությամբ, ինչի մասին վկայում է նաև մայիսին ստորագրված հուշագիրը՝ Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնման վերաբերյալ: Երկու երկրների առևտրաշրջանառությունը ներկայումս կազմում է մոտ 335-350 միլիոն դոլար, սակայն կողմերը նպատակ ունեն կարճ ժամանակում այն հասցնել 1 միլիարդ դոլարի:



