Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը կենսաբազմազանության և բազմակողմ բանակցությունների ոլորտի միջազգային փորձագետ Բասիլ վան Հավրեի հետ քննարկել է հոկտեմբերին Երևանում կայանալիք COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Նախարարն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են համաժողովին նախորդող բանակցային գործընթացի առանցքային ուղղություններին, առկա մարտահրավերներին և Հայաստանի՝ որպես COP17-ը նախագահող երկրի դերակատարությանը։ «Անդրադարձանք Հայաստանի՝ որպես COP17-ի նախագահող երկրի դերակատարությանը, նախագահության ռազմավարական առաջնահերթություններին, բանակցային գործընթացի արդյունավետ կազմակերպման մոտեցումներին և այն քայլերին, որոնք կնպաստեն կառուցողական երկխոսության, փոխվստահության և կոնսենսուսի ձևավորմանը համաժողովի ընթացքում»,- նշել է Մաթևոսյանը։ Քննարկվել է նաև COP17-ի նախագահության նշանակությունը կենսաբազմազանության գլոբալ օրակարգի առաջմղման, Կունմինգ–Մոնրեալի գլոբալ շրջանակի իրականացման արագացման և երկրների միջև համագործակցության ամրապնդման տեսանկյունից։ «Հայաստանը հետևողականորեն շարունակում է նախապատրաստվել COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով, ներառական և թափանցիկ բանակցային գործընթաց և արդյունքահեն նախագահություն՝ ի նպաստ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային ջանքերի»,- ընդգծել է նախարարը։



