Հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական հերթական ընտրություններին Սյունիքում տարբեր կերպ են տրամադրված՝ մի մասին առհասարակ այս ընտրությունները չեն հետաքրքրում, մի հատվածն արդեն կողմնորոշված է, թե կոնկրետ որ ուժին է տալու իր վստահության քվեն, կա մարդկանց մի հատված էլ, որ ասում է՝ ընտրություններին մասնակցող բազմաթիվ ուժերի «ծպտունն» այս ընթացքում չի լսել, ինչու պետք է նրանց ընտրի։ «Սիսական» ջոկատի ազատամարտիկ, քանդակագործ Աշոտ Ավագյանը շոշափելով մարդկանց բոլոր տրամադրությունները վստահությամբ ասում է՝ այս տարի ընտրություններին Սյունիքից ավելի շատ մարդ կմասնակցի, քան 2021 թվականին է մասնակցել։ «Կոնկրետ Սիսիանում մարդկանց շրջանում իշխանություններին ատելու այդ տրամադրությունները կան, բայց դժվար է ասել, թե իշխանություններին ատողն ում է վստահության քվե տալու։ Ամեն ինչ կարող է կտրուկ փոխվել պաշտոնական քարոզարշավը սկսելուց հետո։ Հստակ է, որ մեզ մոտ մարդկանց մի մասը մեր ղեկավարին չի սիրում, մի մասը՝ լուրջ չի ընդունում, քիչ հատվածն է, որ նրան, այսպես ասած, համակրում է։ Օրինակ, Սյունիքում, երբ խոսում են Նիկոլ Փաշինյանի նշած խաղաղության մասին՝ քչերն են հավատում: Երբ խոսում են խաղաղության մասին, սյունեցին գլուխն իսկույն շրջում է Իշխանասարի կողմը, որտեղ ադրբեջանական զորքն է նստած։ Ըստ դրա էլ խաղաղության մասին խոսքը, խոսակցությունն արժեզրկվում է, դրա համար էլ այդքան լուրջ չեն վերաբերվում, չեն հավատում, որ խաղաղություն լինելու է»,- 168.am -ի հետ զրույցում ասաց Աշոտ Ավագյանը։



