Քաշմիրում բախումների զոհ է դարձել առնվազն 20 մարդ

Առնվազն 20 մարդ է զոհվել Քաշմիրի՝ Պակիստանի կողմից վերահսկվող հատվածում օրենսդիր մարմնի ընտրությունների առաջին փուլի անցկացման ընթացքում տեղի ունեցած բախումների ժամանակ։ The Times of India պարբերականը հաղորդում է, որ քվեարկության ժամանակ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և հասարակական «Ժողովրդական գործողությունների միացյալ կոմիտեի» (JAAC) ակտիվիստների միջև. կոմիտեն գլխավորում է տարածաշրջանում ընտրությունների կեղծման և ընտրական գործընթացին Պակիստանի դաշնային իշխանությունների միջամտութան դեմ բողոքի ցույցերը։ JAAC-ի կողմնակիցները բախման մեջ են մտել ոստիկանության աշխատակիցների հետ, որոնք կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ։ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Պակիստանի իշխանություններին՝ իրենց կողմից վերահսկվող Քաշմիրում ընտրությունների անցկացման համար։ «Այնտեղ տեղի ունեցող ցուցադրական ընտրարշավը Պակիստանի կողմից իր ապօրինի օկուպացիան քողարկելու և տարածաշրջանում մարդու իրավունքների լուրջ խախտումները թաքցնելու փորձ է», – հայտարարել է արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը։ Դիվանագետն ընդգծել է, որ Պակիստանն «անօրինական և բռնի կերպով օկուպացնում է Քաշմիրի շրջանները, որոնք Հնդկաստանի անբաժանելի և անօտարելի մասն են»։ Քաշմիրը Հնդկաստանի և Պակիստանի միջև տարածքային վեճի առարկա է 1947 թվականից, երբ անկախություն ստանալուց հետո Բրիտանական Հնդկաստանը բաժանվեց երկու պետության ՝ կրոնական հատկանիշով։ Այս պահին Քաշմիրում պետական ​​սահման չկա. նրա տարածքը բաժանված է վերահսկողության գծով, որը սահմանազատում է Հնդկաստանի և Պակիստանի կառավարման ներքո գտնվող շրջանները:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9557

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով