Հարավկովկասյան երկաթուղին Մեղրիի օտարման գործիք է

Հայաստանի կառավարության և «Ռուսաստանյան երկաթուղիներ» ԲԲԸ միջև 2008թ․ փետրվարի 13-ին ստորագրվել է պայմանագիր, որի հիման վրա ստեղծվել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ։ Վերջինիս էլ վերապահվել է Հայաստանի երկաթուղային ցանցի կոնցեսիոն կառավարման իրավունքը՝ երեսուն տարի ժամկետով։ Փաստաթուղթը նախատեսում է, որ պայմանագրի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել ևս տասը տարով։ Փաստացի Հայաստանի երկաթուղիների կառավարումը երեսուն տարով հանձնվել է անգամ ոչ թե Ռուսաստանի կառավարությանը կամ նրա լիազոր մարմնին, այլ՝ ռուսաստանյան բաց բաժնետիրական ընկերությանը։ Բայց դա հարցի մի կողմն է։ Ավելի էական է, որ Հայաստանի կառավարությունը համաձայնել է կառավարիչ ընկերության «Հարավկովկասյան երկաթուղիներ» անվանմանը։ Այն դեպքում, երբ Հարավային Կովկասի մյուս երկու երկրները՝ Վրաստանը և Ադրբեջանը, իրենց երկաթուղային ցանցը կառավարում են ինքնուրույն՝ «Վրացական երկաթուղներ» և «Ադրբեջանական երկաթուղիներ» պետական ընկերությունների միջոցով։ Հուլիսի 23-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Զուլֆուգարովը ֆեյսբուքյան սենսացիոն գրառում է կատարել, ըստ որի՝ «երկաթուղու Մեղրիի հատվածը Ադրբեջանի սեփականությունն է, քանի որ նա Ադր․ԽՍՀ իրավահաջորդն» է։ Զուլֆուգարովը «համբակ» չէ և գերազանց գիտի, որ 1991թ․ օգոստոսի 30-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդը ստանձնել է 1918-20թ․թ․ գոյություն ունեցած Դեմոկրատական հանրապետության իրավագաջորդութուն։ Այդ ակտը հաստատվել է նույն տարվա հոկտեմբերի 18-ի «Պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական օրենքով, որը գործող սահմանադրության հիմք է ընդունվել 1995թ․-ին։ Այդուհանդերձ, նա գտել է, որ եթե 1967-91 թվականներին Մոսկվա-Բաքու-Երևան երկաթուղու Մեղրիի հատվածը կառավարվել է Ադր․ԽՍՀ «Երկաթուղիների վարչության» կողմից, ապա «մնում է որպես Ադրբեջանի սեփականություն»։ Հուլիսի 30-ին վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքի երկաթուղիները նրա «սեփականությունն» են, և կառավարությունը ձգտում է Ռուսաստանի հետ այդ հարցը «բարեկամաբար կարգավորել»։ Պետք է, հավանաբար, հասկանալ, որ երկաթուղու Մեղրիի հատվածի կարևորությունը Ադրբեջանի համար այնքան մեծ է, դրանում կասկածել պետք չէ, որ այդ հարցը Մոսկվա-Բաքու գործարքի հնարավորություն է։ Այս առումով Հայաստանի երկաթուղային ամբողջ ցանցի նկատմամբ սեփականության իրավունքի հաստատումը զուտ տնտեսական կամ կոմունիկացիոն անհրաժեշտություն չէ։ Այն ավելի շատ լուծում է 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքի յուրաքանչյուր քառակուսի մետրի նկատմամբ Հայաստանի սուվերենության, ուրեմն և՝ նրա անկախության, քաղաքակրթական ինքնության հարցը։ Եվ եթե Հայաստանի ինստիտուցիոնալ ընդդիմությունը այս, իրոք էքզեստենցիալ, իրավիճակում միանշանակորեն չսատարի կառավարությանը, կնշանակի, որ նա ըստ էության աջակցում է երկաթուղու Մեղրիի հատվածը Ադրբեջանի «սեփականությունն» է, փաստացի՝ Սյունիքի առնվազն արաքսամերձ հատվածի օտարման ադրբեջանական նարատիվին»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9645

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով