Վաղ առավոտյան Խաղաղ օվկիանոսում՝ ցամաքից հեռու, մոլեգնում էր «Ժենևիվ» փոթորիկը․ միաժամանակ թուլացող «Ֆաուստո» արևադարձային փոթորիկը մեծ ալիքներ էր առաջացնում Հավայան կղզիների մոտ։ ԱՄՆ-ի Փոթորիկների ազգային կենտրոնի տվյալներով՝ «Ժենևիվը» չորրորդ կարգի փոթորիկ է դարձել այն բանից հետո, երբ երկուշաբթի կարճ ժամանակով հասել էր հինգերորդ կարգի։ Սա խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում վերջին երկու տարվա ընթացքում առաջին նման ուժգնության փոթորիկն է։ Կանխատեսվում է, որ «Ժենևիվը» կշարունակի շարժվել բաց ծովով՝ Մեքսիկայի ափերին մոտավորապես զուգահեռ ուղղությամբ։ Չնայած ափամերձ հատվածներում նախազգուշացումներ չեն հայտարարվել, նշվում է, որ «Ժենևիվի» առաջացրած ալիքները կարող են վտանգավոր լինել։ Կանխատեսվում է, որ փոթորկի ուժգնությունն առաջիկա օրերին կարող է տատանվել, իսկ շաբաթվա ընթացքում այն կթուլանա։



