«Վարդանյան եղբայրներ» կրկեսն առաջին անգամ հյուրախաղերով Վանաձորում է

«Վարդանյան եղբայրներ» կրկեսը, որը սիրված է և՛ Երևանում, և՛ մարզերում, առաջին անգամ հյուրախաղերով Վանաձորում է։ Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան զբոսայգում մեկնարկած ներկայացումները մեծ հետաքրքրություն են առաջացրել, և գրեթե բոլոր սեանսների տոմսերը սպառվում են շատ արագ։ Երեք տարվա գործունեության լավագույն ծրագրով շրջագայության մեկնած կրկեսը հյուրախաղերը սկսել է Գյումրիից, ապա ժամանել Վանաձոր։ Կրկեսի հիմնադիր Անդրանիկ Վարդանյանի խոսքով՝ ներկայացումները կենդանիների մասնակցությամբ չեն անցկացվում։ Ոգեշնչվելով աշխարհահռչակ Cirque du Soleil-ի փորձից՝ ստեղծվել է պրոֆեսիոնալ կրկեսային շոու, որը միավորում է օդային և ուժային ակրոբատիկա, ձեռնածություն, ծաղրածուների ելույթներ և բազմաժանր տպավորիչ համարներ։ Ծրագիրն ինտերակտիվ է․ երեխաները հնարավորություն են ստանում մասնակցել որոշ համարների, իսկ ներկայացումից հետո լուսանկարվել արտիստների հետ։ Վարդանյան եղբայրները Guinness World Records-ի համաշխարհային ռեկորդակիրներ են, «Մինուտա սլավի» հեռուստանախագծի հաղթողներ, Բուդապեշտի միջազգային կրկեսային փառատոնի արծաթե մեդալի մրցանակակիրներ, ինչպես նաև աշխարհի ամենահայտնի տաղանդների հեռուստաշոուների մասնակիցներ և եզրափակիչ անցած արտիստներ։ «Վարդանյան եղբայրներ» կրկեսի հյուրախաղերը Վանաձորում կշարունակվեն մինչև օգոստոսի 16-ը։ Ծրագրում ընդգրկված են Վարդանյան եղբայրների բացառիկ ելույթները, օդային ակրոբատներ, վիրտուոզ ժոնգլյորներ, ուժային համարներ, սիրված ծաղրածուներ և բազմաթիվ անակնկալներ՝ ամբողջ ընտանիքի համար։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9795

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով