Ավելի վաղ նկատել էինք, որ Կենտրոնական Ասիա+ Ադրբեջան ոչ պաշտոնական գագաթաժողովի, ընդունված «Չոլպան Աթայի հռչակագրի» շուրջ պաշտոնական Մոսկվան և Ռուսաստանի քաղաքական ու փորձագիտական շրջանակները դեռևս որևէ տեսակետ չեն հայտնել, մեկնաբանություն չեն արել։ Շուրջ հնգօրյա լռությունը խախտել է «Նեզավիսիմայա գազետա»-ն և արձանագրել, որ Կենտրոնական Ասիայի «առաջնորդները հարեւանների հետ դաշինք են ստեղծում»։ Վկայակոչելով անանուն փորձագետների, պարբերականը գրել է, որ «այդ նախաձեռնությունը դրսևորվել է ռուսաստանյան նախկին մոնոպոլիայի թուլացման, բայց ոչ նրա ազդեցության վերացման ֆոնին» և հիմնավորել․ «Կիրգիզիան և Ղազախստանը շարունակում են մնալ ԵԱՏՄ և ՀԱՊԿ մասնակիցներ, Ռուսաստանը պահպանում է որպես աշխատաշուկայի նշանակությունը, առևտրային գործընկեր և վառելիքի, ենթակառուցվածքային կապերի աղբյուր» Ռուսաստանը մնում է առանցքային, բայց արդեն ոչ միակ ձգողության կենտրոն»։ Ինչպես տեսնում ենք, ռուսաստանցի փորձագետները, որ, չպետք է կասկածել, հիմնականում պաշտոնական կամ դրան շատ մոտ տեսակետ են արտահայտել, Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի հասցեին «Ռուսաստանից հեռանալով կկորցնեն ինքնիշխանությունը, կկրկնեն Ուկրաինայի ճակատագրական սխալը» կամ այդ «ժանրից» որևէ սպառնալիք չեն հնչեցրել։ Ձևակերպումների տոնայնությունից հստակ հասկացվում է, որ Մոսկվայում Կենտրոնական Ասիա +Ադրբեջան նոր «աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական տարածաշրջանի» ինստիտուցիոնալացման գործընթացից, գուցե, «անակնկալի են եկել», բայց այն ընդունել են որպես իրողություն և սրացումների գնալու մտադրություն չունեն։ Չոլպան Աթայի հանդիպման «գլխավոր արդյունք» ռուսաստանյան պարբերականը համարում է այն, որ Կենտրոնական Ասիայի երկրները և Ադրբեջանը «արտաքին խաղացողներից անհամաչափ կախվածությանը ռազմավարական այլընտրանք են փնտրում»։ Այսինքն, Մոսկվան ընդունել է, որ այդ երկրները իր մոնոպոլ ազդեցությանը ռազմավարական այլընտրանք են ստեղծում, բայց դա չի խանգարի, որպեսզի Ռուսաստանը նրանց համար մնա «առևտրային գործընկեր, վառելիքի և ենթակառուցվածքային կապերի աղբյուր»։ «Աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական նոր տարածաշրջանի», որի աշխարհագրությունը, ի դեպ, կենտրոնասիական առաջնորդները տարածում են ոչ թե միայն Ադրբեջանի, այլ ամբողջ Հարավային Կովկասի վրա, «ռազմավարական այլընտրանքը» ծրագրավորվում է երկու՝ արևելյան կամ Չինաստանի և արևմտյան՝ Եվրոպայի ուղղությամբ։ Առաջին դեպքում այն «հյուսվում» է Չինաստան-Ղրղըզստան-Ուզբեկստան, երկրորդում՝ Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի շուրջ։ Երկրորդ նախագիծը գործում է, Կասպից ծովի ղազախստանյան և թուրքմենստանյան նավահանգիստները լաստանավային հաղորդակցություն ունեն Բաքու և Էյլաթ նավահանգիստների, ապա և՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հետ։ TRIPP-ը գործարկելու դեպքում բեռնափոխադրումների մի մասը կիրականացվի Հայաստանի տարածքով։ Մոտակա օրերին վարչապետ Փաշինյանը «Հայաստանի օրակարգի բոլոր խնդիրները» կներկայացնի ԵԱՏՄ կառավարական խորհրդի նիստին։ Տնտեսական միության անդամ կենտրոնաասիական երկրները Հայաստանի օրակարգին կաջակցե՞ն։ Դա Հայաստանի հետ խաղաղությունը ինստիտուցիոնալացնելու հարցում Ադրբեջանի իրական մտադրության «լակմուսի թուղթ» է։



