Ռուսաստանի հակաօդային պաշտպանության միջոցները նախորդ գիշերվա ընթացքում երկրի տարբեր շրջանների վրա որսացել և ոչնչացրել են ուկրաինական 320 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ «Օգոստոսի 3-ի ժամը 20:00-ից մինչև օգոստոսի 4-ի ժամը 08:00-ը (Մոսկվայի ժամանակով) հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 320 անօդաչու թռչող սարք Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Լենինգրադի, Լիպեցկի, Նիժնի Նովգորոդի, Նովգորոդի, Օրյոլի, Պսկովի, Ռոստովի, Ռյազանի, Սմոլենսկի, Տվերի, Տուլայի մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի և Ղրիմի Հանրապետության տարածքներում», – ասվում է հաղորդագրության մեջ։ Նախօրեին Գելենջիկի մոտ գտնվող Արխիպո-Օսիպովկա բնակավայրում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 58-ի։ Նախնական տվյալներով՝ ընդհանուր առմամբ տուժել է 12 երեխա, որոնցից 9-ը ստացել են ամբուլատոր բուժում։ Բացի այդ, Չեխով քաղաքի Նովոսյոլկի արդյունաբերական գոտու վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով տուժել է 10 մարդ։ Տվյալները հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։



