Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը մեծ մասամբ կատարել է Հայաստանի հետ տրանսպորտային ու հաղորդակցական կապերի հաստատմանն ուղղված պարտավորությունները։ Նախարարը նշել է, որ Բաքվի և Երևանի միջև նորմալացման գործընթացում սպասվում են լրացուցիչ իրադարձություններ, այդ թվում՝ Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովում նախապատրաստված փաստաթղթում ներառված TRIPP նախագիծը։ Բայրամովի խոսքով՝ ակնկալվում է, որ Հայաստանում նախապատրաստական փուլի ավարտից հետո կսկսվեն շինարարական աշխատանքները, մինչդեռ Հայաստանի տարածքում դեռ որոշակի անելիքներ կան։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը, ինչպես նաև Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարումներն արդեն իսկ իրականացվում են, և հաջորդ փուլում հնարավոր է առևտրի ընդլայնում, ինչը նոր տնտեսական հնարավորություններ կստեղծի ամբողջ տարածաշրջանի համար։



