Մինչ փորձագիտական հանրությունը տարբեր ինտենսիվությամբ քննարկում է ՌԴ քաղաքական պասիվությունը Հարավային Կովկասում, ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը ժամանակ առ ժամանակ հանդիպումներ է ունենում ՌԴ-ում Հայաստանի ու Ադրբեջանի դեսպանների հետ։ ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի հետ Գալուզինն ապրիլ ամսվա ընթացքում ունեցել է երկու հանդիպում։ Առաջինը՝ ապրիլի 10-ին, Փաշինյանի մոսկովյան այցից հետո քննարկելու բարձրաստիճան պայմանավորվածությունները, իսկ երկրորդը՝ ապրիլի 20-ին։ ՌԴ ԱԳ նախարարության հաղորդագրության համաձայն, Գալուզինը Մոսկվայում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի հետ քննարկել է երկկողմ օրակարգի հրատապ հարցեր՝ բարձր մակարդակով տեղի ունեցած վերջին շփումների համատեքստում։ «Քննարկվել են երկկողմ հարաբերությունների մի շարք արդիական հարցեր՝ Մոսկվայում կայացած ռուս-հայկական բարձր մակարդակի վերջին բանակցությունների արդյունքների լույսի ներքո»,- նշել էին ռուսական դիվանագիտական գերատեսչությունում։ Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ ապրիլի 1-ին կայացած հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի շփումը եղել է «օգտակար, անկեղծ և անհրաժեշտ». կողմերը միմյանց են փոխանցել իրենց դիրքորոշումները երկկողմ օրակարգի արդիական հարցերի լայն շրջանակի վերաբերյալ։ Այնինչ, փորձագիտական հանրության գնահատմամբ՝ այն Փաշինյան-Պուտին ամենալարված հանդիպումներից մեկն է եղել, որի ընթացքում ՌԴ նախագահն անդրադարձավ երկկողմ օրակարգի ամենազգայուն հարցերի՝ ՀՀ ԵՄ ինտեգրացիայի ու ԵԱՏՄ անհամատեղելիություն, գազի գին, տնտեսական արտոնություններ՝ պայմանավորված ՀՀ ԵԱՏՄ անդամակցությամբ, և ներքաղաքական լարվածություն՝ պայմանավորված ՌԴ գործոնով։



