Թուրքիան Օջալանին ներում չշնորհեց, «քրդական օրենքը» կմնա թղթի վրա

Ազգային մեծ ժողովի նախագահությանը «շրջանակային օրինագիծ» է ներկայացվել, որ կոչված է «կարգավորելու «Թուրքիան՝ առանց ահաբեկչության» ծրագրի իրականացումը»։ Այդ մասին օգոստոսի 5-ին հայտնել է իշխանամետ Turkiye պարբերականը։ Խորհրդարանի «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության ղեկավար Աբդուլլա Գյուլերը մամուլի ներկայացուցիչների համար օրինագծի վերաբերյալ որոշ պարզաբանումներ է արել։ Օրինագիծը, եթե հակիրճ ասվի, վերաբերում է «Քրդական աշխատավորական կուսակցության» լուծարումից և զինաթափումից հետո Թուրքիա վերադառնալու և երկրի կյանքին ինտեգրվելու ցանկություն ունեցող այն անձանց, որոնց նկատմամբ մինչև 2005 թվականը «կատարած հանցագործությունների» հիմքով կան հարուցված գործեր։ Իշխող կուսակցության ներկայացուցիչ Գյուլերը, ընդսմին, հավաստիացրել է, որ, այսպես ասած՝ «համաներումը» PKK-ի ղեկավարների, կանխամտածված սպանությունների համար հետապնդվողների և «ցմահ ազատազրկման դատապարտվածնեերի նկատմամբ չի գործի»։ Turkiye- ն հրապարակել է 12 հոդվածից բաղկացած «շրջանակային օրինագծի» տեքստը, որը, սակայն, իրավական անվանում չունի։ Նախավերջին հոդվածով սահմանվում է, որ օրենքի պաշտոնական հրապարակումից հետո արտերկրում ապաստանած անձինք կարող են դիմել իրենց բնակության նախկին վայրի դատախազությանը, որպեսզի քննարկվի նրանց նկատմամբ քրեական վարույթը կրճատելու կամ պատժի կրումը հետաձգելու հարցը։ Ընդ որում, եթե Թուրքիա վերադարձած անձը «հանցանք գործի, ապա քրեական նախկին վարույթը կվերականգնվի կամ նա կենթարկվի կալանքի, որպեսզի կրի պատիժը»։ Թուրքիայի խորհրդարանը, հավանաբար, այդ օրենքը կընդունի։ Խնդիր է, թե քրդամետ DEM կուսակցությունը ի՞նչ դիրքորոշում կընտրի։ Ավելի վաղ այդ կուսակցության խորհրդարանական խմբակցությունը մի քանի անգամ այցելել է Իմրալի կղզու մեկուսացված բանտում ցմահ ազատազրկման պատիժ կրող Աբդուլլա Օջալանին։ Վերջինս անցյալ տարի PKK-ին կոչ է արել ինքնալուծարվել և զինված պայքարին վերջ տալ։ Ենթադրվում էր, որ Թուրքիայի իշխանությունները Օջալանին ներում կշնորհեն։ Փաստացի նա կմնա անազատության մեջ։ Դա վկայում է, որ Թուրքիայում քրդական հարցը «չափազանց զգայուն» է։ Պարզ ասած, հանրային տրամադրությունները այնքան հակաքրդական են, որ իշխանությունները Օջալանի և PKK-ի ղեկավարների նկատմամբ որևէ «գթասրտություն» չեն ցուցաբերել։ Ամենայն հավանականությամբ, «քրդական օրենքը» փաստացի չի գործի, իսկ թե միջազգային ի՞նչ հետևանքներ կունենա, պարզ կլինի Մերձավոր Արևելքում հետագա զարգացումներից։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10039

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով