Իրանն աջակցում է պաղեստինյան առաջնորդների կողմից բանակցային գործընթացի ընթացքում ընդունված ցանկացած որոշման, նախաձեռնության կամ միջոցառման։ Այս մասին Պաղեստինյան դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) քաղաքական բյուրոյի ղեկավար Խալիլ ալ-Հայյայի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ վերահաստատելով Թեհրանի շարունակական աջակցությունը Պաղեստինի ժողովրդին։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։ Իրանի նախագահը շնորհավորել է ալ-Հայյային ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ իրանցի ժողովուրդն ու երկրի կառավարությունը կշարունակեն առավելագույն չափով աջակցել Պաղեստինին։ Անդրադառնալով ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ վերջերս իրականացված հարձակումներին՝ նախագահը նշել է, որ պաղեստինյան հարցը մնում է Իրանի արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունք և շարունակում է համարվել մուսուլմանական աշխարհի ամենակարևոր խնդիրը։ Ալ-Հայյան իր հերթին բարձր է գնահատել Իրանի շարունակական աջակցությունը պաղեստինյան ժողովրդին։ Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ը բանակցություններ է վարում այլ պաղեստինյան խմբավորումների հետ և թույլ չի տա, որ «իսրայելական ռեժիմը բանակցությունների միջոցով ապահովի այն, ինչին չի կարողացել հասնել մարտադաշտում»։ Ալ-Հայյան նաև հույս է հայտնել, որ քաղաքական և դիվանագիտական ջանքերի ուժեղացումը դիմադրության հետ մեկտեղ կօգնի իրականացնել Պաղեստինի ժողովրդի ձգտումները, և լավատեսություն է հայտնել ապագայում Իրանի հետ համագործակցության ընդլայնման վերաբերյալ։



