FBI-ի գործակալը հանձնվել է ԱՄՆ իշխանություններին՝ խոստովանելով, որ հետաքննության տակ գտնվող օտարերկրացու կրիպտոարժույթային հաշիվներից իրեն է փոխանցել շուրջ 1 միլիոն դոլար։ Ինչպես նշված է ՀՖԲ-ի հայտարարության մեջ, Պատրիկ Ստիվեն Յարոքն անցյալ շաբաթ կապվել է Արդարադատության նախարարության հետ՝ խոստովանելու, որ ընդունել է «շատ սխալ որոշումներ»։ Գերատեսչության տվյալներով՝ Յարոքը, օգտվելով ծառայողական դիրքից, ՀՖԲ համակարգերի միջոցով մուտք է ստացել հաշիվներից միջոցների փոխանցման համար անհրաժեշտ բանալիներին: Սկսած 2024 թվականի վերջից կամ 2025 թվականի սկզբից՝ նա կատարել է շուրջ 10 փոխանցում՝ ընդհանուր մոտ 1 միլիոն դոլար գումարի չափով: ՀՖԲ-ի փաստաթղթում նշվում է, որ փոխանցումները կատարվել են «թշնամական պետության» հետ կապված հաշիվներից: «NBC News» հեռուստաալիքը, հղում անելով աղբյուրներին, հայտնում է, որ խոսքը Ռուսաստանի հետ կապված կրիպտոարժույթային հաշիվների մասին է: Գործի նյութերում մանրամասն պատմվում է, թե ինչպես է հուլիսի 29-ին Յարոքը հանդիպել Արդարադատության նախարարության աշխատակցի հետ և «սկսել լաց լինել՝ պատմելով իր պատմությունը»: Պատրիկ Յարոքի խոսքով՝ նա որոշել է խոստովանել գումարի գողությունը «ամոթի պատճառով», որը «ներսից ուտում էր իրեն», նշվում է ՀՖԲ-ի հաղորդագրության մեջ: Ընդ որում, Յարոքի խոսքով, նա առաջնորդվել է ոչ միայն շահադիտական դրդապատճառներով: Նա պատմել է, որ հաշիվների մասին իմացել է 2024 թվականի նոյեմբերին՝ իր հետաքննչական աշխատանքի ընթացքում: Նրա խոսքով՝ նա շատ վշտացած և վրդովված էր այն փաստից, որ ՀՖԲ-ն «չի կարողանում կամ չի ցանկանում գործել» «թշնամական» հաշիվների դեմ: Այնուհետև նա մուտք է ստացել բանալիներին, որոնք անհրաժեշտ էին կասկածյալի հաշվից միջոցները սեփական հաշվին փոխանցելու համար: Հուլիսի 31-ին՝ իր ձերբակալման օրը, Յարոքն ազատվել է ՀՖԲ-ում աշխատանքից: Գործակալին մեղադրանք է առաջադրվել հափշտակված գույքի փոխանցման հոդվածով: Այս հոդվածով ԱՄՆ-ում առավելագույն պատիժը 10 տարվա ազատազրկումն է: Անցյալ շաբաթ ՀՖԲ-ն խուզարկություն է իրականացրել Յարոքի տանը և ավտոմեքենայում: Խուզարկությամբ նրանք մուտք են ստացել Kraken կրիպտոարժույթային բորսայում նրա հաշվին: Գործակալի հետ կապված կրիպտոքսակը պարունակում էր շուրջ 1 միլիոն դոլար: Ընդ որում, Պատրիկ Յարոքն ասել է, որ չի հիշում, թե կոնկրետ որքան գումար է փոխանցել՝ նշելով, որ իր հաշվին արդեն իսկ կար որոշակի գումար:



