Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը և երեխաների ու սոցիալական պաշտպանության վարչության պետ Գևորգ Ղարիբյանը այցելել են «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ-ի «Հեռավար տեսակապով ժեստերի լեզվի թարգմանչական կենտրոն»։ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կենտրոնն ապահովում է լսողության խնդիրներ ունեցող անձանց կապը բուժհաստատությունների, բանկերի, պետական և այլ ծառայություններ մատուցող կառույցների հետ՝ նպաստելով նրանց լիարժեք ներառմանը։ Միայն 2026 թվականի հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում կենտրոնի միջոցով սպասարկվել է 4111 զանգ։ Քննարկվել են լսողության խնդիրներ ունեցող անձանց առջև ծառացած խնդիրները, այդ թվում՝ ոչ աշխատանքային ժամերին շտապօգնության ծառայությունից օգտվելու դժվարությունները։ Մշակվել է այնպիսի եղանակ, որը հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում արագորեն պարզել շահառուի գտնվելու վայրը։ Երևանի քաղաքապետարանը շարունակում է զարգացնել ներառական ծառայությունները՝ ստեղծելով հավասար հնարավորություններ բոլորի համար։



