Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Մավլինա Ջանջուղազյանին պատկանող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը։ Արտադրամասը գործում է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում և արտադրում է «Քաղցր հեքիաթ» ապրանքանիշի ըմպելիքներ։ Գործունեության կասեցման հիմքում տեսուչների արձանագրությունն է, որով արտադրամասում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։ Մասնավորապես՝ արտադրամասի հատակի, պատերի և դռների մակերևույթները չեն եղել հեշտ լվացվող, հարթ և չեն համապատասխանել անջրանցիկ, լվացվող ու ախտահանվող նյութերով պատված լինելու պահանջներին, առաստաղը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, ինչպես նաև նպաստել է խոնավության խտացմանը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաներն ու բեռնարկղերը չեն համապատասխանել հիգիենիկ պահանջներին, չեն պահվել պատշաճ վիճակում և չեն ենթարկվել անհրաժեշտ մաքրման ու ախտահանման, փաթեթավորման գործընթացները չեն իրականացվել սննդամթերքի աղտոտումը բացառող պայմաններում, անձնակազմի համար չեն եղել հանդերձարան և սանհանգույց։ Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ արտադրամասը օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանեցնելու համար։ Սահմանվել է նաև համապատասխան ժամկետ։



