Իսրայելական ուժերի հարձակումների հետևանքով Լիբանանի հարավային շրջաններում 10 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA): Ջիբշիթ բնակավայրում ապրիլի 29-ի գիշերը բնակելի շենքի թիրախավորման հետևանքով նույն ընտանիքի 5 անդամներ զոհվել են, վիրավորվել է ևս 13 մարդ։ Բացի այդ, Լիբանանի հարավային Սուրի շրջանում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածի հետևանքով նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ, այդ թվում՝ շտապօգնության 3 աշխատակից, որոնք փրկարարական առաքելություն իրականացնելիս հարվածից հետո մնացել են փլատակներում։ Հարձակման հետևանքով վիրավորվել է նաև Լիբանանի բանակի երկու զինվոր։ Վարչապետ Նավաֆ Սալամը դատապարտել է հարվածը՝ այն անվանելով Լիբանանում նոր պատերազմական հանցագործություն։ Նա նաև նշել է, որ կձեռնարկվեն բոլոր հնարավոր քայլերը՝ իսրայելական բանակին ստիպելու պահպանել հրադադարը։ Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ «Իսլամական դիմադրությունը» լիբանանա-իսրայելական սահմանի մոտակայքում անօդաչու թռչող սարքերով թիրախավորել իսրայելցի զինվորների հավաքատեղին։ Հաղորդվում է նաև, որ պայթյուններ են որոտացել ալ-Կանտարա քաղաքում. իսրայելական բանակը հայտարարել է, որ պայթեցնում է «Հեզբոլլահ»-ի թունելային ցանցը։ Չնայած ապրիլի 16-ի կեսգիշերին ուժի մեջ է մտել «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև հրադադարը, սակայն կողմերը շարունակում են հարվածներ հասցնել միմյանց։ Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ մարտի 2-ից, երբ Իսրայելի վրա «Հեզբոլլահ»-ի հարձակման պատճառով Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքում պատերազմի մեջ, երկրում իսրայելական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը հասել է 2534-ի, իսկ վիրավորներինը՝ 7863-ի։



