Մամուլում տեղեկություն է տարածվել, որ օգոստոսի 18-ին «Արցախի պետական համակարգի ներկայացուցիչները խորհրդաժողով են գումարելու, որպեսզի ընտրեն նախագահ և Ազգային ժողովի խոսնակ»։ Արցախի «պետական նախարար» Նժդեհ Իսկանդարյանը pastinfo-ին հարցազրույցում հերքել է որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե «քննարկվել է նախագահի պաշտոնում իրեն առաջադրելու» տարբերակը։ Հուլիսի սկզբին Արցախի Ազգային ժողովի «խոսնակ» Աշոտ Դանիելյանը, ով «ի պաշտոնե հանդիսանում էր նաև նախագահի պաշտոնակատար», հայտարարել է հրաժարականի մասին։ Հաջորդիվ մի քանի «պատգամավորներ» դժգոհել են, որ խորհրդարանի «խմբակցությունները ԱԺ նախագահի թեկնածու չեն առաջադրում»։ Անգամ տեսակետ է շրջանառվել, որ «պատգամավորներից ոմանք Հայաստանի պետական համակարգում աշխատանք ունեն և մտադիր չեն Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների հետ հարաբերություններ փչացնել»։ Սոցիալական մեդիայի մի շարք ստեփանակերտցի օգտատերեր Արցախի ներկայացուցիչներ մեղադրել են «թալանին մասնակցելու և Հայաստանի իրավապաշտպան մարմիններից վախենալու» մեջ։ Բայց «Արցախի պետական համակարգը պահպանելու անհրաժեշտության» մասին խոսակցությունները ոչ մի գործնական նշանակություն չունեն երկու հիմնավոր պատճառով։ Առաջինը, ոչ Ազգային ժողովը, ոչ Արցախի Գերագույն դատարանը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լուծարելու մասին» 2023թ․ սեպտեմբերի 26-ին Սամվել Շահրամանյանի կողմից ստորագրված հրամանագիրը Սահամանդրությանը հակասող, չեղյալ, իրավական ուժ չունեցող չեն ճանաչել։ Երկրորդ, Արցախի նախագահի և Ազգային ժողովի լիազորությունները, եթե անգամ ԼՂՀ-ի լուծարումից հետո դրանք «օրինական» էին 2025թ․ մայիսին դադարել են՝ հնգամյա ժամկետը լրանալու հետ։ Տրամաբանական հարց է ծագում, ինչո՞ւ այդ ժամանակ ոչ ոքի Արցախի «պետական ինստիտուտների պահպանման անհրաժեշտությունը» չի հուզել, և նման խնդիր ակտուալացել է ավելի քան մեկ տարի անց, ընդ որում՝ Հայաստանի խորհրդարանական ընտրություններից, վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի վերանշանակումից հետո։ Սա, իհարկե, արդեն իրավական ոլորտի հարց չէ, այլ՝ քաղաքական։ Արդյոք պատահակա՞ն է, որ Բաքվի իշխանական minval politika-ն Արցախի «նախագահի և ԱԺ խոսնակի ընտրության» մասին հայաստանյան որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկության հետքերով ծավալուն հրապարակում է արել և Հայաստանի իշխանություններին Ադրբեջանի հետ հաշտության հարցում «ոչ անկեղծ պահվածք» վերագրել։ Արցախի Ազգային ժողովի «պատգամավոր» Արևիկ Պետրոսյանը pastinfo-ին ասել է, որ առաջարկել է «ստեղծել վիրտուալ իշխանություն՝ նոր դեմքերով»։ «Պետնախարար» Նժդեհ Իսկանդարյանը փաստացի այդ գաղափարը մերժել է։ Ինչո՞ւ։ Ո՞ւմ է հատկապես այս փուլում ձեռնտու, որ Բաքվից Երևանին մեղադրեն «գոյություն չունեցող սեպարատիստական կազմավորումը հովանավորելու» մեջ։ Դեպի ո՞ւր են տանում Արցախի «պետական ինստիտուտների պահպանման անհրաժեշտության ստեփանակերտյան» նարատիվի հետքերը։



