Վերջին մի քանի ամիսներին Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության լրատվամիջոցները և սոցցանցային հարթակները վիճակագրական տվյալներ են հրապարակում, որ հերքում են «Ադրբեջանը Հարավային Կովկասի առաջատար և դոմինանտ երկիրն» է պաշտոնական քարոզչությունը։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես, Հարավային Կովկասի երկների ՀՆԱ-ի աճի, մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքի, նվազագույն և միջին աշխատավարձի, կենսաթոշակի և սոցիալապես խոցելի խավերին պետական աջակցության ցուցանիշներին, բոլոր նշված դեպքերում Ադրբեջանը զիջում է ոչ միայն Վրաստանին, այլև Հայաստանին։ Ալիևի քաղաքական հակառակորդները տրամաբանական հարցադրում են անում, «Եթե Ադրբեջանի տնտեսությունը զարգանում, պետական եկամուտները աճում են, ինչո՞ւ բնակչությունը այդ բարիքներից չի օգտվում»։ Նրանք դիմում են Հայաստանի օրինակի օգնությանը և եզրակացնում, որ «խնդիրը իշխանության կոռումպացվածությունն» է։ Երևում է, այդ հետևողական քարոզչությունը Ադրբեջանի հանրային շրջանակներում որոշակի ազդեցություն է թողել։ Նախկին արտգործնախարար Զուլֆուգարովը ֆեյսբուքյան հերթական գրառումն է կատարել և «հերքել Հայաստանի պաշտոնական վիճակագրությունը»։ Ավելի առաջ անցնելով՝ Զուլֆուգարովը «կեղծ» է բնորոշել «Ռուսաստանի հետ Հայաստանի տնտեսական և քաղաքական դիմակայությունը»։ Նրա կարծիքով՝ Մոսկվան և Երևանը «հակամարտության իմիտացիա են ստեղծում, որպեսզի քողարկեն պատժամիջոցների շրջանցումը»։ Զուլֆուգարովը առաջարկել է խնդիրը քննարկել ոչ թե «տնտեսական համատեքստում, այլ՝ սոցիալական կայունության և պետության ռազմավարական նպատակների իրականացման խնդրի փոխկապակցվածության տեսանկյունից, քանի որ «փաստ է՝ «արաբական գարունը» միայն ձևականորեն էր կապված հռչակված պատճառների հետ»։ Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարարը մասնագիտությամբ արևելագետ է, Բաքվի համալսարանը ավարտելուց հետո որպես «զինվորական թարգմանիչ» ծառայել է Եմենի դեմոկրատական հանրապետության ռազմա-ծովային ուժերում և «արաբական գարնան» հիշատակումը, ամենայն հավանականությամբ, ենթատեքստային է։ Փաստորեն նա ակնարկում է, որ Ադրբեջանում սոցիալական առկա իրավիճակը «կարող է քաղաքացիական անհնազանդության առիթ հանդիսանալ»։ «Արաբական գարնան» խորհրդանիշը Լիբիայի երկարամյա առաջնորդ Քադաֆիի տապալումը և դաժան սպանությունն է։ Քադաֆին տևական ժամանակ վայելել է ոչ միայն ԽՍՀՄ-ի, ապա և Ռուսաստանի, այլև արևմտյան երկրների առաջնորդների լոյալությունը։ Բայց վճռական պահին բոլորը նրան մոռացել են։ Զուլֆուգարովը Ալիևին դա՞ է ակնարկել։



