Թրամփը և Սի Ծինփինը «կզսպե՞ն» Պուտինին

Ինչպես և ենթադրել էինք, ՌԴ նախագահ Պուտինի Իտուրուպ կղզի այցը Հեռավոր Արևելքի ռազմականացման ազդակ է։ Այս եզրակացությունը հիմնավորելու համար բավական է վկայակոչել ՌԻԱ Նովոստի պետական գործակալության հրապարակումը, որի հեղինակը գծել է Կուրիլյան կղզիների հարավում Ռուսաստանի բացառիկ տնտեսական գոտում Օդեսայի նախադեպը կրկնելու հեռանկար։ Խոսքը Ճապոնիայի դեմ ծովային շրջափակում կիրառելու մասին է։ Ըստ հեղինակի, Ճապոնիան արտաքին առևտրի 99,5 տոկոսը իրականացնում է ծովով, իսկ նրա նավատորմի միայն 14,2 տոկոսն է գործում ճապոնական դրոշի ներքո, մնացածը «ստվերային» է։ ՌԻԱ-Նովոստին, իհարկե, առայժմ առաջարկում է ոչ թե ռմբակոծել, այլ պարզապես «կալանել այդ նավերը և լրացուցիչ վճարումներ պահանջել»։ ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովը նախագահ Պուտինի Իտուրուպ այցից հետո Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու «անհնարինության» մասին նոր և ավելի ենթատեքստային հայտարարություն է արել։ Ըստ Լավրովի, եթե Ռուսաստանը «հիմա կանգ առնի, դա կնշանակի անարգել պապերի և նախապապերի հիշատակը, որ ոչնչացրել են նացիզմը»։ Կուրիլյան կղզեխմբի ռուսաստանապատկանությունը Վլադիմիր Պուտինը հիմնավորել է Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով։ Փաստացի նա կրկնել է «գերմանական ֆաշիզմը և ճոպոնական միլիտարիզմը ջախջախելու» խորհրդային պատմա-աշխարհաքաղաքական թեզը։ Դրանից ուղղակի հետևում է, որ Ճապոնիան «միլիտարիստական երկիր է, Ռուսաստանի թշնամի»։ «Դոյչե վելլիի» ռուսական ծառայության մեկնաբան Կոնստանտին Էգերտը, մինչդեռ, Պուտինի հեռավորարևելյան շրջայցը դիտարկել է ավելի լայն համատեքստում։ Նրա գնահատմամբ, դա նաեւ ազդակ է Պեկինին, որ Ռուսաստանը «մնում է ասիական գերտերություն, այլ ոչ թե վերածվել է Չինաստանի վասալի»։ Մոտ ապագայում Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը պետական այց կկատարի Վաշինգտոն, և Ռուսաստանի նախագահը, ըստ երևույթին, հասկանալ է տվել, որ Պեկինը և Վաշինգտոնը «Մոսկվայի շահերի հաշվին պայմանավորվել չեն կարող»։ Ռուսաստանի աշխարհաքաղաքական որոշումները, անկասկած, ազդել և ազդում են հետխորհրդային երկրների հետ նրա հարաբերություններին։ Փաստ է, որ, չնայած շոշափելի կորուստներին, Ռուսաստանը ուկրաինական ճակատում շարունակում է զարգացնել հարձակողական ռազմագործողությունները և մշտապես սպառնում «տակտիկական միջուկային զենք կիրառել»։ Կիևում արդեն չեն թաքցնում, որ առաջիկա ձմեռը «դաժան փորձություն է լինելու»։ Ճապոնիայի դեմ «տնտեսական պատերազմը» հղի է Կենտրոնական Ասիայի երկրների առևտրա-տնտեսական և լոգիստիկ ինտեգրացիան «փլուզելու» վտանգով։ Այդ դեպքում կասկածի տակ կհայտնվեն Եվրոպա-Հարավային Կովկաս-Կենտրոնական Ասիա «կապակցվածության ապահովման» նախագծերը։ Չինաստանը և ԱՄՆ-ը, հավանաբար, կարող են Պուտինին «զսպել», բայց որքանո՞վ է դա համապատասխանում նրանց իրական շահերին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10736

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով