Գերմանիան, Ֆրանսիան և Բրիտանիան պատրաստում են Ուկրաինայի շուրջ բանակցությունների սեփական ձևաչափը՝ մտավախություն ունենալով, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կարող են Եվրոպայի թիկունքում համաձայնության գալ, – գրում է The New York Times-ը։ Ինչպես պարբերականին հայտնել են եվրոպացի պաշտոնյաները, երեք երկրները ցանկանում են ապահովել Եվրոպայի տեղը ապագա բանակցությունների սեղանի շուրջ և թույլ չտալ, որ Վաշինգտոնն ու Մոսկվան որևէ համաձայնության գան առանց իրենց մասնակցության։ Ընդհանուր դիրքորոշման ձևավորման գործում առաջատար դեր են խաղում Գերմանիան և Ֆրանսիան։ Մեծ Բրիտանիան ավելի զգուշավոր է գործում, քանի որ մտավախություն ունի փչացնել հարաբերությունները Թրամփի հետ։ Բեռլինը, Փարիզը և Լոնդոնը կարծում են, որ հենց իրենք պետք է ներկայացնեն եվրոպական շահերն ու Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը բանակցությունների ընթացքում։ Այս երկրները մտնում են «ցանկացողների կոալիցիայի» առանցքի մեջ, որը նաև մշակել է Կիևի համար հետպատերազմյան անվտանգության երաշխիքների տարբերակներ։



