Էկվադորական La Negra Francisca Duarte II և Don Maca ձկնորսական նավերը մարտին պայթուցիկներով զինված դրոնների թիրախ են դարձել։ CNN-ի հաղորդմամբ՝ դրանից հետո անհայտ կապույտ նավի վրա գտնվող զինված անձինք (որին ձկնորսներն անվանել են «ուրվական-նավ») գերեվարել են անձնակազմերին։ Մարտի 17-ին և 26-ին տեղի ունեցած հարձակումների ժամանակ բարձի չափ և 4 պտուտակ ունեցող սարքերից նետված պայթուցիկի ալիքից ձկնորսներից մեկը շպրտվել է դիզելային բաքի կողմը, իսկ մյուսը՝ գրեթե ամբողջությամբ կորցրել տեսողությունը։ Օգնության հույսով մոտենալով կապույտ նավին՝ ձկնորսները հանդիպել են անգլիախոս, սպիտակամորթ, բարձրահասակ տղամարդկանց։ Վերջիններս զինված են եղել հրացաններով, կրել են դարչնագույն կամուֆլյաժ և ԱՄՆ դրոշով տարբերանշաններ. նրանք կապկպել են ձկնորսներին, գլուխներին պարկեր հագցրել ու հարցաքննել։



