ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանն օգոստոսի 20-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովից՝ նշելով, որ Հայկ Կոնջորյանը, ողջունելով դեսպանին խորհրդարանում, կարևորել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության հետ խորհրդարանական համագործակցության զարգացումը, մի շարք ոլորտներում փորձի փոխանակումն ու մասնագիտական աջակցությունը։ ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ առաջիկայում Ազգային ժողովում կձևավորվեն բարեկամական խմբերը, այդ թվում` Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խումբը։ Հյուրի խնդրանքով Հայկ Կոնջորյանը խոսել է նորընտիր խորհրդարանի օրենսդրական աշխատանքներում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջնահերթությունների մասին, անդրադարձել իշխանություն-ընդդիմություն հարաբերություններին։ Ալեքսանդրա Քոուլը շնորհավորել է Հայկ Կոնջորյանին՝ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Դեսպանը ևս ընդգծել է երկու երկրների խորհրդարանների միջև հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը։



