Ուկրաինայում սպանվել է ՄԹ քաղաքացի, որ կռվում էր ՌԴ-ի կողմից

Բրիտանական իշխանությունները հաստատել են, որ տեղյակ են այն հաղորդագրություններից, որոնց համաձայն՝ հունիսի 10-ին Դոնեցկի մարզում՝ Լիման քաղաքի մոտակայքում, զոհվել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի, Հարավային Յորքշիրի 33-ամյա բնակիչ Բրեդլի Թաունսենդը։ Ըստ առկա տեղեկությունների՝ նա, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի կողմից Ուկրաինայում կռվելու նպատակով երկիր մեկնած և զոհված առաջին բրիտանացին է։ Անգլիայից մեկնելիս Թաունսենդն ընտանիքին ասել էր, թե պատրաստվում է մեկնել Ռումինիա, գրում է տարածաշրջանային Yorkshire Post պարբերականը։ Սակայն ապրիլի սկզբին Թաունսենդը հայտնվել էր ռուսական ռազմամետ ալիքներից մեկի հրապարակած տեսանյութում՝ երկու այլ անգլիացիների՝ Բեն Սթիմսոնի և Այդեն Միննիսի հետ։ Վերջիններս նախկինում մասնակցել էին Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրականացվող ռազմական գործողություններին, ինչի համար էլ ստացել էին ՌԴ քաղաքացիություն։ Տեսանյութում Սթիմսոնը նկարահանում էր, թե ինչպես է Միննիսը հարցազրույց վերցնում իր հայրենակցից։ Այդ ժամանակ Թաունսենդն ասել էր. «Ես Յորքշիրից մի հասարակ աշխատավոր տղա եմ»։ Նա նաև նշել էր. «Ես եկել եմ այստեղ և հասկանում եմ, որ, հավանաբար, այլևս տուն չեմ վերադառնա, որովհետև հակառակ դեպքում ինձ կպատժեն»։ Այն, որ նրա մտավախությունը հիմնավորված էր, վկայում է հենց Սթիմսոնի պատմությունը։ BBC-ի նկարահանող խումբը նրան 2015 թվականին հայտնաբերել էր ԴԺՀ-ի շփման գծում։ Երկու տարի անց, երբ նա վերադարձել էր հայրենի Մանչեսթեր, Սթիմսոնը ահաբեկչական գործունեության մեղադրանքով դատապարտվել էր ավելի քան հինգ տարվա ազատազրկման։ Պատիժը կրելուց հետո Սթիմսոնը հեռացել էր երկրից՝ այս անգամ մեկնելով անմիջապես Ռուսաստան։ «Ցարգրադ» հեռուստաալիքի հաղորդումից հետևում է, որ 2024 թվականին Դոնեցկի մարզի ռազմաճակատում ևս մեկ տարի ծառայելուց հետո նա այժմ բնակվում է Մոսկվայում և այլևս չի մասնակցում մարտական գործողություններին։ Հունիսին, այն հաղորդագրություններից հետո, որոնց համաձայն՝ Թաունսենդը Լիմանի մոտ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է, Սթիմսոնը հայտարարել էր, որ ինքն ու Միննիսը փորձել էին համոզել նրան չմեկնել ռազմաճակատ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11569

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով