ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։ Ինչպես տեղեկանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացմանը, առևտրաշրջանառության և ներդրումների ընդլայնմանը, ենթակառուցվածքների և գործարար կապերի զարգացմանը վերաբերող հարցեր։ Նախարար Պապոյանը նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել առավել շոշափելի տնտեսական արդյունքների՝ ընդլայնելով հայկական արտադրանքի ներկայությունը Իրանի շուկայում և առավել արդյունավետ օգտագործելով ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի ընձեռած հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև էներգետիկ և լոգիստիկ համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև երկարաժամկետ ձևաչափով դիզելային վառելիքի և հեղուկ գազի մատակարարման հնարավորություններին։ Նախարար Գևորգ Պապոյանն առաջարկել է դիտարկել գործակցության ընդլայնումը մի քանի հիմնական ուղղություններով՝ առևտրի և հայկական արտահանման ընդլայնում, համատեղ արտադրություններ և ներդրումներ, էներգետիկ ու լոգիստիկ համագործակցություն, ինչպես նաև սահմանային ընթացակարգերի շարունակական բարելավում։



