Գյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ չորս օր շարունակ Գյումրու պատմական և մշակութային միջավայրում կհնչի ջազ՝ ստեղծելով երաժշտության, քաղաքի և մշակութային ժառանգության յուրահատուկ երկխոսություն։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Այ լինկ» գաղափարների բաց հարթակ կրթամշակութային ՀԿ-ի նախաձեռնությամբ օգոստոսի 28-31-ը Գյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» 7-րդ փառատոնը: «4 օր, 4 համերգ՝ Գյումրու թանգարանների բակերում» խորագրով նախաձեռնությունն առաջին անգամ իրականացվել է 2017 թվականին։ Փառատոնի առանձնահատկությունն այն է, որ ջազային համերգներն անցկացվում են Գյումրու թանգարանների և մշակութային հաստատությունների բակերում՝ քաղաքը վերածելով բացօթյա համերգային հարթակի։ Նախաձեռնությունը միավորում է մշակույթի տարբեր ոլորտներ՝ ջազային երաժշտությունը ներկայացնելով թանգարանային միջավայրում։ Այս ձևաչափը հնարավորություն է տալիս մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակմանն ուղղված աշխատանքները համադրել ժամանակակից երաժշտական մշակույթի հետ։ Փառատոնը նպաստում է նաև ջազային երաժշտության հասանելիության ընդլայնմանն ու տարածմանը երաժշտասեր հանրության շրջանում: Բոլոր համերգների մուտքն ազատ է:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11588

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով