Ի տերբերություն այլ երկրների, որ, իհարկե, Ռուսաստանին բարեկամ են, բայց չեն ուզում հրապարակային ինչ-որ բան հնչեցնել այդ մասին, մենք չենք հրաժարվում հարմար կամ անհարմար հարցերից և ուղիղ ասում ենք, որ Ռուսաստանի հետ համագործակցությունը պատիվ ենք համարում և համագործակցելու ենք։ Դրանում կարող եք չկասկածել։ Բանն այն չէ, որ մեզ դրան իրավիճակն է մղում։ Բանն այն է, որ մենք այդ ուղեգիծը որոշել ենք վաղուց, մի քանի տասնամյակ առաջ և սրբորեն հավատարիմ ենք մնում դրան։ Օգոստոսի 25-ին ՌԴ փոխվարչապետ Մանտուրովին հավաստիացրել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոն : Նույն օրը Բելառուսի Զինված ուժերում անցկացվել են «անվտանգության հանկարծակի ստուգումներ»։ Անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Վոլֆովիչը մամուլին հայտնել է, որ «բրիգադներից մեկը մշտական տեղակայման վայրից դուրս կբերվի և կկատարի մի շարք առաջադրանքներ»։ Վոլֆովիչը այդ առաջադրանքները չի մանրամասնել, բայց ասել է, որ «հատուկ ուշադրություն է դարձվում պայմանական հակառակորդի կրակային խոցմանը՝ Ուկրաինայում և Իրանում ռազմական հակամարտությունների փորձի հաշվարկով»։ Օգոստոսի 27-ին հայտնի է դարձել, որ Բելառուսում անցկացվում է «պահեստազորի սպաների և սերժանտական կազմի մասնակի զորահավաք»։ Ըստ տեղեկությունների, խոսքը «հրթիռա-հրետանային բրիգադի հաստիքացուցակով նախատեսված անձնակազմը լրացնելու» մասին է։ Դա նշանակում է, որ առնվազն այդ զորամասը համալրվում է, որպեսզի «մի շարք առաջադրանքներ կատարի»։ Ավելին, Բելառուսի ԶՈՒ հատուկ ռազմագործողությունների ուժերի հրամանատար Ալեքսանդր Իլյուկևիչը հայտարարել է, որ սկսվել է նոր դեսանտա-գրոհային բրիգադի կազմավորումը, որ ենթադրաբար կտեղակայվի Ուկրաինային սահմանամերձ տեղանքում, հավանաբար՝ Գոմելում։ Կարելի է ասել, որ Բելառուսի Զինված ուժերը «բերված են մարտական բարձր պատրաստության»։ Անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Վոլֆովիչը ասել է, որ մշտական տեղակայման վայրից դուրս բերված բրիգադը կկատարի ԶՈՒ Գլխավոր շտաբի կողմից դրված առաջադրանքները։ Ավելի վաղ Լուկաշենկոն ասել է, որ Ուկրաինայի համար Բելառուսը «գտնվում է ափի մեջ»։ Երևում է, Մոսկվան նրան համոզել է, որ Ռուսաստանի հետ նաև պատերազմում համագործակցությունը «պատիվ» է։ Ամենայն հավանականությամբ, Բելառուսից Ուկրաինայի դեմ «հյուսիսային ճակատը կբացվի» Ռուսաստանի պետդումայի ընտրություններից հետո։ Օգոստոսի 27-ին ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ Գերասիմովը ասել է, որ «հարձակողական գործողությունները բոլոր ուղղություններով զարգանում» են։



