Օգոստոսի 28-ին՝ ժամը 16։30-ին, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում կշարունակվեն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների գործով նախնական դատալսումները․ գործը քննում է դատավոր Սերժ Ռուշանյանը։ Կաթողիկոսին և եպիսկոպոսներին մեղսագրվում է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի պաշտոնավարման վերաբերյալ դատարանի ակտի կատարմանը խոչընդոտելը․ գործի հիմքում Գերագույն հոգևոր խորհրդի որոշմամբ Սարոյանին կարգալույծ հռչակելն է՝ այն պայմաններում, երբ դատարանը ժամանակավորապես պարտավորեցրել էր ապահովել նրա պաշտոնավարումը։ Կառավարությունն առաջին անգամ եկեղեցու բարենորոգումը ներառել է 2026–2031 թվականների իր քաղաքական օրակարգում, իսկ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում Գարեգին Երկրորդի հեռացման հարցը կապում է ոչ միայն եկեղեցու ներքին բարեվարքության, այլև ազգային անվտանգության հետ՝ պնդելով, որ եկեղեցական որոշ հռետորաբանություն հակադրվում է խաղաղության պետական ռազմավարությանը։ Միաժամանակ նա հայտարարում է, որ պատրաստ է հենց գործող կաթողիկոսի հետ քննարկել բարենորոգումը, եթե վերջինս ընդունի համակարգային խնդրի գոյությունը։ Բայց եկեղեցու ներսում առայժմ հակառակ պատկերն է։ Բարենորոգման կողմնակից հոգևորականների տեսանելի ընդլայնում չկա, իսկ վերջին իրավական ու քաղաքական զարգացումներից հետո Գարեգին Երկրորդի շուրջ համախմբումն ավելի ակնհայտ է դարձել։ Նրա 75-ամյակին թեմակալ առաջնորդներն ու միաբանները հավաքվեցին Մայր Աթոռում, իսկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրապարակայնորեն բարձր գնահատեց նրա առաջնորդությունն ու «ավանդական արժեքներին» հավատարմությունը։ Հետևաբար հիմնական հարցն այսօր արդեն ոչ միայն այն է՝ բարենորոգման կարիք ունի՞ Հայ Առաքելական եկեղեցին, այլ՝ քաղաքական այսպիսի բևեռացումից հետո արդյո՞ք դեռ հնարավոր է իրական բարենորոգում, որը եկեղեցին չի պառակտի և հասարակության կողմից չի ընկալվի որպես պետության կողմից հոգևոր իշխանության փոփոխություն։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



