ԵՄ-ն արագ մեծացնում է ռազմական ծախսերը՝ զորքերի մի մասը դուրս բերելու ԱՄՆ-ի պլանների ֆոնին. Եվրահանձնաժողով

ԵՄ անդամ պետություններն աննախադեպ տեմպերով մեծացնում են ռազմական ծախսերը՝ Գերմանիայում իր ներկայությունը կրճատելու ԱՄՆ-ի պլանների ֆոնին: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անիտա Հիփերը Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ: «Մենք աննախադեպ արագությամբ մեծացնում ենք ռազմական ծախսերը: Այսպես, 2023 թվականի համեմատությամբ Գերմանիան 2026 թվականին ռազմական ոլորտում ներդրել է 100 միլիարդ եվրոյով ավելի, իսկ 2029 թվականին այդ ծախսերը կավելանան 152 միլիարդ եվրոյով, այսինքն՝ երեք անգամ՝ 2023 թվականի համեմատությամբ», – Հիփերի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։ Այսպես է նա մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունը, որ Վաշինգտոնը մտադիր է շուտով որոշում կայացնել Գերմանիայում իր ռազմական ներկայությունը կրճատելու մասին: «Մեր երկարաժամկետ դիրքորոշումն այն է, որ Միացյալ Նահանգները Եվրոպայի անվտանգության ապահովման հարցերում առանցքային գործընկեր է: Մենք կարծում ենք, որ ամերիկյան զորքերի ներկայությունը Եվրոպայում նաև համապատասխանում է Միացյալ Նահանգների շահերին՝ պաշտպանելու իր գլոբալ դերն աշխարհում», – ընդգծել է Հիփերը:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով