Հայաստանի արտահանման ներուժի զարգացման հնարավորություններն ու հայկական արտադրանքի համար նոր շուկաների հասանելիության ընդլայնման հեռանկարներն են քննարկվել ՀՀ տնտեսական զարգացման առաջնահերթություններին նվիրված հանդիպման ընթացքում: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ բանախոսությամբ հանդես է եկել «Modex» խորհրդատվական ընկերության տնօրեն Հայկազ Ֆանյանը։ Գերատեսչությունից նշում են, որ անդրադարձ է կատարվել Հայաստանի արտահանման ներկայիս կառուցվածքին, արտահանման ներուժի զարգացման հնարավորություններին, ինչպես նաև հայկական արտադրանքի համար նոր շուկաների հասանելիության ընդլայնման հեռանկարներին: Բանախոսությանը հաջորդել է մտքերի փոխանակում: Քննարկվել են արտահանման խթանմանն ուղղված հիմնական մոտեցումները և այդ համատեքստում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների հնարավոր քայլերը: Քննարկումները շարունակվել են համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ տեսակապի ձևաչափով։ Անդրադարձ է կատարվել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման շնորհիվ բացվող տնտեսական հնարավորություններին, տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման հեռանկարների և տրանսպորտային կապերի ընդլայնման ներուժին, ինչպես նաև համաշխարհային բանկի կողմից իրականացվող համապատասխան հետազոտությանը:



