Պետությունները վտանգվում են ոչ միայն այն ժամանակ, երբ կորցնում են տարածք։ Երբեմն ավելի վտանգավոր է այն պահը, երբ հասարակությունը կորցնում է պատկերացումը, թե ինչի համար է պետությունը։ Հայկական քաղաքական մտքում այդ շփոթությունը հին է։ Այստեղ պետությունը չափազանց հաճախ ընկալվել է ոչ թե որպես ինքնուրույն և հարատև արժեք, այլ որպես որևէ «մեծ նպատակի» գործիք՝ պատմական արդարության վերականգնման, ազգային առաքելության, գաղափարախոսության կամ կուսակցական ծրագրի իրականացման միջոց։ Այս մտածողության մեջ Հայաստանը կարևոր է այնքանով, որքանով սպասարկում է նախապես սահմանված պատմական առաքելությունը։ Իսկ եթե պետությունը փոխում է առաջնահերթությունները, հրաժարվում է հին բառապաշարից կամ պարզապես փորձում է հարմարվել փոխված աշխարհին, անմիջապես հնչում է հարցը՝ «իսկ այդ դեպքում այս պետությունն ինչի՞ մասին է»։ Հարցն ինքնին բացահայտում է խնդիրը։ Պետությունը պարտավոր չէ որևէ լոզունգի մասին լինել։ Պետությունը պետք է լինի իր շարունակականության մասին։ Սա հատկապես դժվար է ընդունել այն քաղաքական ավանդույթների համար, որոնք ձևավորվել են պետության բացակայության պայմաններում։ Հայ հեղափոխական դաշնակցությունը ստեղծվել է 1890 թվականին, երբ հայկական անկախ պետություն գոյություն չուներ։ Այն ժամանակ կուսակցությունը բնականաբար ստիպված էր իր վրա վերցնել գործառույթներ, որոնք սովորական պայմաններում պատկանում են պետությանը՝ քաղաքական ներկայացուցչություն, կազմակերպում, ինքնապաշտպանություն, դիվանագիտական գործունեություն, ազգային նպատակների ձևակերպում։ Այդ պատմական դերը կարելի է հասկանալ միայն իր ժամանակի մեջ։ Խնդիրը սկսվում է այն ժամանակ, երբ պետություն չունեցող ժողովրդի համար ստեղծված քաղաքական մտածողությունը տեղափոխվում է արդեն գոյություն ունեցող պետության մեջ ։ Այդ պահին կուսակցությունը պետք է վերափոխվի։ Հակառակ դեպքում տեղի է ունենում հակառակը՝ պետությունն է փորձ արվում տեղավորել կուսակցության մեջ։ Դաշնակցական քաղաքական մտածողության ամենախոր հակասություններից մեկը հենց այստեղ է։ Հայաստանը հաճախ դիտարկվում է որպես ավելի մեծ գաղափարական նախագծի նյութական հենարան։ Պետության լեգիտիմությունը չափվում է նրանով, թե որքանով է այն համապատասխանում կուսակցական պատմական պատկերացումներին։ Եթե համապատասխանում է՝ «ազգային պետություն» է։ Եթե չի համապատասխանում՝ սկսվում է պետության իսկության կասկածի տակ դնելը։ Սակայն ժամանակակից պետությունը չի կարող ապրել այդ տրամաբանությամբ։ Ֆրանսիան այսօր այն Ֆրանսիան չէ, որը Լյուդովիկոս XIV-ի օրոք էր։ Գերմանիան այն պետությունը չէ, որը Բիսմարկը ստեղծեց 1871-ին։ Թուրքիան նույնիսկ այն Թուրքիան չէ, որը կառուցեց Աթաթուրքը։ Այդ պետությունները փոխել են սահմաններ, հասարակություններ, տնտեսական համակարգեր, արտաքին քաղաքականություններ և ազգային ինքնության բազմաթիվ շերտեր։ Բայց պետությունը շարունակվել է։ Որովհետև պետությունը քարացած գաղափար չէ։ Այն ժամանակի միջով շարժվող ինստիտուցիոնալ օրգանիզմ է ։ Պետության նպատակները փոխվում են։ Սերունդները փոխվում են։ Սպառնալիքները փոխվում են։ Երբեմն նույնիսկ այն, ինչ երեկ ազգային նպատակ էր, այսօր կարող է ազգային անվտանգության սպառնալիք դառնալ։ Հենց այդ պատճառով պետական մտածողությունը գաղափարախոսությունից տարբերվում է մեկ հիմնարար հատկանիշով։ Գաղափարախոսությունը հարցնում է՝ ինչպե՞ս իրականացնել մեր գաղափարը։ Պետական մտածողությունը հարցնում է՝ ինչպե՞ս պահպանել և ուժեղացնել պետությունը ։ Երբ այդ երկու հարցերի պատասխանները համընկնում են, հակասություն չկա։ Երբ չեն համընկնում, պետությունը պետք է հաղթի։ Հայաստանի քաղաքական մշակույթում այդ պարզ հիերարխիան դեռ ամբողջությամբ չի ձևավորվել։ Մենք հաճախ պատմությանը վերաբերվում ենք ոչ թե որպես գիտության, այլ որպես գրականության։ Պատմական իրադարձությունները առանձնացվում են իրենց ժամանակի ուժային հարաբերություններից, տնտեսական պայմաններից ու միջազգային միջավայրից և վերածվում բարոյական առակների՝ հերոսներով, դավաճաններով, հավերժական բարեկամներով ու հավերժական թշնամիներով։ Այդպիսի պատմությունը կարող է ստեղծել ուժեղ զգացմունք։ Բայց վատ քաղաքականություն։ Պատմագիտության իմաստը անցյալը պաշտելը չէ։ Այն հասկանալն է։ «Չմոռանալ պատմությունը» չի նշանակում անցյալից վերցնել պատրաստի հրահանգ և այն կիրառել հարյուր տարի անց։ Ճիշտ հակառակը։ Պատմությունից դաս քաղելու համար նախ պետք է հասկանալ, թե ինչու տվյալ որոշումը հնարավոր կամ անհրաժեշտ էր հենց այն ժամանակ , տվյալ ուժերի հարաբերակցության մեջ։ Հակառակ դեպքում պատմությունը դառնում է գերեզմանոց, որտեղից քաղաքականությունը ամեն առավոտ հրահանգներ է ստանում։ Փոքր պետության համար դա հատկապես վտանգավոր է։ Հայաստանը գտնվում է Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Եվրոպայի և ավելի լայն արևմտյան համակարգի շահերի հատման տարածքում։ Նրա բնակչությունը, տնտեսությունը և ռազմական կարողությունները սահմանափակ են։ Նման պետության քաղաքականությունը չի կարող կառուցվել պատմական ռոմանտիզմի վրա։ Այն պետք է կառուցվի սառը հաշվարկի վրա։ Ո՞ր քաղաքականությունն է այսօր մեծացնում Հայաստանի ինքնիշխանությունը։ Ո՞րը՝ անվտանգությունը։ Ո՞րը բացում է սահմաններ և շուկաներ։ Ո՞րը մեծացնում է տնտեսությունը, ուժեղացնում ինստիտուտները և նվազեցնում արտաքին կախվածությունները։ Սրանք պետական հարցեր են։ Դրանց պատասխանը չի կարող որոշվել նրանով, թե ինչ է գրված եղել որևէ կուսակցության ծրագրում 1890-ին, 1919-ին կամ 1990-ին։ Եվ սա միայն Դաշնակցության խնդիրը չէ։ Հայաստանի ցանկացած կուսակցություն՝ իշխանական թե ընդդիմադիր, այն պահին, երբ սկսում է պետությունը նույնացնել սեփական գաղափարախոսության հետ, դառնում է նույն հիվանդության կրողը։ Միակուսակցական Հայաստանը, անկախ կուսակցության անունից, պետություն լինելու փոխարեն աստիճանաբար վերածվում է քաղաքական համայնքի՝ սեփական հավատամքով, սրբություններով և հերետիկոսներով։ Պետությունը հակառակն է։ Այն պատկանում է նաև նրանց, ովքեր չեն ընդունում իշխանության գաղափարախոսությունը։ Նրանց, ովքեր այլ պատմություն են կարդում։ Այլ արտաքին քաղաքականություն են պատկերացնում։ Այլ կուսակցության են ընտրում։ Պետության մեծությունը հենց այդտեղ է՝ այն ավելի մեծ է, քան իրեն կառավարող քաղաքական ուժը։ Հայկական քաղաքական մտքի հաջորդ արդիականացումը, հետևաբար, պետք է լինի ոչ այնքան աջ կամ ձախ, ռուսական կամ արևմտյան, պահպանողական կամ ազատական։ Այն պետք է լինի անցում կուսակցակենտրոն մտածողությունից պետա կանա կենտրոն մտածողության ։ Սա նշանակում է պատմությունը վերադարձնել պատմաբաններին, հավատամքը՝ կուսակցություններին, իսկ պետությունը՝ քաղաքացիներին։ Որովհետև Հայաստանի Հանրապետությունը որևէ գաղափարախոսության իրականացման համար ժամանակավորապես հատկացված տարածք չէ։ Այն քաղաքական կյանքի վերջնական հասցեն է։ Կուսակցությունները ծնվում են և մահանում։ Գաղափարախոսությունները ծաղկում են և մարում։ Սերունդները վերանայում են այն, ինչ նախորդները համարել են անփոփոխ ճշմարտություն։ Պետությունը պետք է հարատևի։ Եվ պետական մտածողության ամենապարզ, բայց ամենադժվար կանոնը հենց սա է. Հայաստանը որևէ կուսակցության գաղափարի մասին չէ։ Կուսակցությունների գաղափարները պետք է լինեն Հայաստանի մասին։



