Le Parisien-ը գրում է, որ Ֆրանսիայում 18-ամյա երիտասարդը, որը կասկածվում է կազմակերպված հանցավոր խմբի ղեկավարության մեջ, ծրագրել էր 26 մարդու առևանգում և հարձակում։ Հնարավոր թիրախների թվում եղել են խոշոր գործարարներ, ռեփերներ, ինչպես նաև ֆրանսիացի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն։ Պարբերականի հաղորդմամբ՝ Կլեման Լ.-ն օգոստոսի 21-ին մեղադրվել է կազմակերպված խմբի կազմում կատարված կողոպուտի և կավատության գործերով։ Նա ձերբակալվել է մի շարք բնակարանային հարձակումների և առևանգման նախապատրաստման դեպքերի հետաքննության շրջանակում։ Ըստ քննության՝ հանցախմբի գործողություններն ու նախապատրաստությունները տեղի են ունեցել ապրիլի 11-ից օգոստոսի 19-ը՝ Նեյի-սյուր-Սենում, Սեն-Բրիս-սու-Ֆորեում և Սանտենեում։ Երիտասարդի ինքնությունը քննիչները պարզել են, մասնավորապես, ապրիլին Նեյի-սյուր-Սենում ժամագործի վրա կատարված հարձակումից հետո։ Կլեման Լ.-ն կալանավորվել է և մեկուսացվել, իսկ նրա ենթադրյալ հանցակիցը ազատ է արձակվել դատական վերահսկողության պայմաններով։ Երիտասարդը դատարանում վիճարկել է ինչպես կալանավորման, այնպես էլ մեկուսացման որոշումը։ Քննությունը շարունակվում է՝ պարզելու համար խմբի ծրագրերի ամբողջական շրջանակը և դրանցում նշված 26 անձանց նկատմամբ հնարավոր գործողությունների աստիճանը։



