Ապրիլի 29-ին «Աննա Վարդապետյանը փրկո՞ւմ է ԱԱԾ տնօրենին, թե՞ «անմեղ մանիպուլյացիայի» է դիմել» վերտառությամբ հոդված ենք հրապարակել, ինչը չգիտես՝ ինչու, «հուզումներ» է առաջացրել Գլխավոր դատախազությունում, երբ այն հիմնված է չոր փաստերի վրա, և մենք ընդամենը փորձել ենք ցույց տալ, որ ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան դեպքերի շարքում կամ համատեքստում ԱԱԾ ենթակայության տակ գտնվող սահմանապահ զորքերում արձանագրված դեպքերը հիշատակելը մոլորություն է առաջացնում և մանիպուլյատիվ է: Իսկ այսօր՝ ապրիլի 30-ին, Կառավարության նիստից հետո կազմակերպված ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով սահմանապահների ծառայությանը՝ հետևյալ ձևակերպումն է արել. «Ես ՀՀ վարչապետն եմ, բայց կարող է չիմանամ, եթե հարց լինի, թե ՀՀ սահմանապահն ինչպես է իր ծառայությունն իրականացնում, ինչ տրամաբանությամբ, որովհետև դա իմ օրակարգի հարց չի»: Հիշեցնենք, որ Սահմանապահ զորքերն ԱԱԾ ենթակայության տակ են, իսկ ԱԱԾ-ն ուղիղ ենթարկվում է Նիկոլ Փաշինյանին:



