Տասնամյակներ շարունակ մեծ տերությունները փոքր պետություններին իրենց ուղեծիր էին ներգրավում զենքով, վարկերով, գազով կամ անվտանգության երաշխիքներով։ Ամերիկան Հայաստանի դեպքում փորձարկում է 21-րդ դարի մեկ այլ արժույթ՝ հաշվարկային հզորությունը ։ The Wall Street Journal -ի նոր հետաքննությունը բացահայտում է, որ Վաշինգտոնը 2025-ի հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունների ընթացքում Հայաստանի համար Nvidia-ի առաջատար AI չիպերի արտահանման թույլտվությունները ներառել էր տնտեսական խթանների փաթեթում։ Նախկին դեսպան Քրիստինա Քվինի գնահատմամբ՝ Nvidia-ի բաղադրիչը բանակցային փազլի կարևոր մասն էր։ Սա մանրուք չէ։ Սա չիպային դիվանագիտություն է։ Եթե 20-րդ դարում աշխարհաքաղաքական իշխանության խորհրդանիշը նավթահորն ու խողովակաշարն էին, 21-րդում դրանց կողքին հայտնվել են կիսահաղորդիչը, տվյալների կենտրոնը և AI հաշվարկային հզորությունը։ Առաջատար GPU-ների հասանելիությունն այլևս միայն բիզնեսի հարց չէ. այն վերահսկվում է Վաշինգտոնի արտահանման քաղաքականությամբ և կարող է վերածվել արտաքին քաղաքականության լծակի։ Հայաստանն այդ նոր աշխարհակարգում ստացել է հազվադեպ հնարավորություն։ Հրազդանի Firebird AI կենտրոնը մեկնարկել է ավելի քան 6,000 Nvidia GPU-ով, իսկ ծրագիրը նախատեսում է մինչև 2027-ի վերջ Հայաստանում անցնել 70,000 GPU-ից և 300 ՄՎտ AI ենթակառուցվածքից ։ Եթե ծրագիրն իրականացվի ամբողջ ծավալով, խոսքը պարզապես հերթական օտարերկրյա ներդրման մասին չի լինի։ Հայաստանը կարող է հայտնվել տարածաշրջանի հաշվարկային ենթակառուցվածքի քարտեզի վրա։ Եվ այստեղ է WSJ-ի բացահայտման քաղաքական նշանակությունը։ Վաշինգտոնյան փաթեթը, պարզվում է, կառուցվել է մի քանի հարկով՝ խաղաղություն, հաղորդակցություններ, TRIPP, ներդրումներ և այժմ՝ ռազմավարական տեխնոլոգիաների հասանելիություն։ ԱՄՆ-ը Հայաստանին առաջարկում է խաղաղության տնտեսական շահաբաժինը կապել արևմտյան տեխնոլոգիական համակարգի հետ։ Սա էապես տարբերվում է այն կախվածության մոդելից, որի մեջ Հայաստանը տասնամյակներով ապրել է Ռուսաստանից՝ էներգետիկա, երկաթուղի, ռազմավարական ենթակառուցվածքներ և զենք։ Բայց այստեղ ևս պետք չէ պատրանքներ ունենալ։ Nvidia-ի չիպը բարեգործություն չէ։ Ինչպես ռուսական գազն ու զենքն ունեին քաղաքական գին, ամերիկյան բարձր տեխնոլոգիան նույնպես ունի ռազմավարական տրամաբանություն։ Տարբերությունն այն է, որ Հայաստանը հիմա հնարավորություն ունի կախվածությունը փոխարինել փոխկապակցվածությամբ ՝ եթե սեփական կրթությունը, էներգետիկան, գիտությունը և տեխնոլոգիական ընկերությունները կարողանա կառուցել այդ ենթակառուցվածքի շուրջ։ Այլապես 70,000 GPU ունենալը դեռ տեխնոլոգիական ինքնիշխանություն չէ։ Կարելի է ունենալ աշխարհի ամենահզոր սերվերները և մնալ ուրիշի տեխնոլոգիայի սպառողը։ Հետևաբար Հայաստանի իրական խնդիրը Nvidia-ի չիպերը ստանալը չէ։ Խնդիրն այն է, թե ինչ Հայաստան է կառուցվելու դրանց շուրջ ։ Եթե Firebird-ի կողքին աճեն հայկական AI ընկերություններ, համալսարանական հետազոտություններ, ինժեներական դպրոցներ և բարձրարժեք արտահանում, Վաշինգտոնյան խաղաղության փաթեթը կարող է Հայաստանի համար ունենալ հետևանք, որը շատ ավելի երկար կապրի, քան ցանկացած ստորագրված փաստաթուղթ։ Որովհետև աշխարհաքաղաքականության լեզուն փոխվում է։ Մի ժամանակ կայսրությունները երկաթուղի էին կառուցում՝ ազդեցություն



