Մեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք. հանցավոր խմբի մյուս անդամներին փնտրում են

Քրեական ոստիկանության Լոռու մարզի ծառայողները ապրիլի 26-ին Վանաձոր քաղաքում սպանության դեպք են կանխել։ Ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 17-ին քրեական ոստիկանները փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Վանաձոր քաղաքի բնակիչ մի խումբ երիտասարդներ 36-ամյա համաքաղաքացու հետ ունենալով թշնամական հարաբերություն՝ նախնական համաձայնությամբ նախապատրաստել են նրա սպանությունը, ինչպես նաև ավազակային հարձակումներ ու բնակարանային գողություններ։ Պարզելով բնակության հասցեն՝ երիտասարդները դարանակալումներ են իրականացրել 36-ամյա համաքաղաքացու տան մոտ։ Լոռու մարզային քննչական վարչությունում ապրիլի 18-ին դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ապրիլի 26-ին քրեական ոստիկանները պարզելով, որ Վանաձորի բնակիչ չորս երիտասարդ «Միցուբիշի» մակնիշի մեքենայով ընթանում են դեպի Անդրանիկի փողոց և իրենց մոտ ունեն ապօրինի պահվող հրազեն՝ հետապնդել են նրանց։ Չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին՝ նրանք դիմել են փախուստի։ Սակայն ոստիկաններին հաջողվել է կանխել նրանց փախուստը, ձերբակալել և տեղափոխել մարզային վարչություն։ Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 11 փամփուշտով լիցքավորված մարտական ատրճանակ։ Մեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։ Երեք անձ կալանավորվել է, մեկը՝ ձերբակալվել։ Քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկություններով հանցախմբի անդամների և նրանց հետ փոխկապակցված անձանց բնակության հասցեներում հայտնաբերվել է տարբեր տեսակի զենք-զինամթերք։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցավոր խմբի մյուս անդամներին հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5715

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով