ԱՄՆ-ն ու Իրանը Հորմուզի նեղուցի շրջանում հարվածներ են փոխանակել նավերի ուղղությամբ

ԱՄՆ-ն ու Իրանը Հորմուզի նեղուցի շրջանում հարվածներ են փոխանակել ռազմական և առևտրային նավերի ուղղությամբ։ Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը բալիստիկ հրթիռներ է արձակել ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու նավի ուղղությամբ։ ԻՀՊԿ-ի հայտարարության համաձայն՝ իրանական ուժերը հարվածներ են հասցրել ԱՄՆ-ի ավիակրին և էսկադրային ականակրին։ Իրանական կողմը պնդել է, որ ամերիկյան նավերը «խոչընդոտներ էին ստեղծում իրանական նավերի համար և մասնակցում էին ծովային շրջափակմանը»։ ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ տարածաշրջանի ջրերում պարեկություն իրականացնող ավիակիրն ու էսկադրային ականակիրը խուսափել են հարձակումից։ Ամերիկյան կողմի փոխանցմամբ՝ ԱՄՆ զինծառայողներից ոչ ոք չի տուժել։ Ի պատասխան՝ ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել իրանական երեք նավթատարի։ CENTCOM-ի տվյալներով՝ M/T Downy նավթատարը թիրախավորվել է Խարկ կղզու մոտ, M/T Stark 1-ը՝ Ջասքի շրջանում, իսկ դատարկ M/T Kylo նավթատարը՝ Օմանի ծոցում։ ԱՄՆ կողմը հայտարարել է, որ նավթատարները շարքից դուրս են բերվել։ ԱՄՆ զինված ուժերի հրամանատարության խոսքով՝ հարվածները պատասխան են եղել իրանական բալիստիկ հրթիռների արձակմանը։ CENTCOM-ի հրամանատար, ծովակալ Բրեդ Կուպերը հայտարարել է, որ Իրանի կողմից ամերիկյան երկու նավի վրա հարձակմանն ԱՄՆ-ն պատասխանել է՝ թիրախավորելով իրանական երեք նավթատար։ Իրանական կողմն, իր հերթին, հայտարարել է, որ հարվածներ է հասցրել երեք նավթատարի, որոնք, ըստ ԻՀՊԿ-ի, փորձել են ապօրինի անցնել Հորմուզի նեղուցով։ Իրանը նաև սպառնացել է ավելի լայն հարվածներով, եթե շարունակվեն իրանական նավերի նկատմամբ սահմանափակումներն ու ծովային շրջափակումը։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը ևս սպառնացել է ոչնչացնել իրանական նավթատարները, եթե Իրանը հարվածներ հասցնի ամերիկյան նավերին։ «Եթե Իրանը կրակի ամերիկյան նավերի ուղղությամբ, մենք կոչնչացնենք և կխորտակենք նրանց նավթատարները։ Նրանց միայն պետք է չկրակել ԱՄՆ ռազմածովային ուժերի ուղղությամբ»,– գրել է Հեգսեթը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12610

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով