Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների քրեական գործը դեռ չի հասել բովանդակային դատաքննության, բայց արդեն հասցրել է ստեղծել դատաիրավական համակարգի համար շատ անհարմար պատկեր։ Այժմ աշխատանքից, սեփական դիմումի համաձայն, ազատվել է նաև գործով քրեական հետապնդումն իրականացրած և մեղադրական եզրակացությամբ այն դատարան ուղարկած դատախազ Խաչատուր Գալստյանը։ Գլխավոր դատախազությունը վստահեցնում է՝ հեռանալը գործի հետ կապ չունի։ Դա պետք է ընդունել որպես պաշտոնական դիրքորոշում, քանի դեռ հակառակը հաստատող փաստ չկա, բայց կա նաև իրադարձությունների հաջորդականությունը։ Առաջին դատավորը՝ Հակոբ Մանուկյանը, ինքնաբացարկ հայտնեց։ Երկրորդը՝ Սերժ Ռուշանյանը, ընդդատության հարցով գործն ուղարկեց Երևան։ Երրորդը՝ Վահագն Մելիքյանը, դիմեց Վճռաբեկ դատարան՝ կրկին ընդդատության հարցը լուծելու համար։ Իսկ հիմա համակարգից հեռանում է գործը դատարան հասցրած դատախազը։ Յուրաքանչյուր դրվագի համար առանձին իրավական կամ անձնական բացատրություն կարող է լինել, բայց պետության նկատմամբ վստահությունը ձևավորվում է ոչ միայն առանձին բացատրություններից, այլ նաև ամբողջ պատկերից , իսկ ամբողջ պատկերը սկսում է տարօրինակ թվալ։ Հայաստանն ունի քրեական գործ, որտեղ մեղադրանքը բավական պարզ իրավական հարց է առաջադրում․ արդյո՞ք Հայ Առաքելական Եկեղեցու բարձրագույն ղեկավարությունը դիտավորյալ խոչընդոտել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարմանը։ Գարեգին Բ-ն և եպիսկոպոսները մեղավոր են, թե անմեղ՝ մենք չպետք է որոշենք։ Դա դատարանի գործն է, բայց հենց այստեղ է խնդիրը՝ նախ պետք է գտնվի դատարան, որը գործը կքննի ։ Իրավական պետությունում որևէ հաստատության պատմական հեղինակությունը չի կարող անձեռնմխելիություն ստեղծել օրենքից։ Եթե դատարանի որոշումը սխալ է, այն բողոքարկվում է։ Եթե այն ուժի մեջ է, կատարվում է։ Հակառակ դեպքում յուրաքանչյուր հզոր ինստիտուտ վաղը կարող է որոշել, թե պետության որ որոշումն է իր համար ընդունելի, բայց նույն չափանիշը գործում է նաև պետության նկատմամբ։ Եթե իշխանությունը քրեական գործ է հարուցել Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների նկատմամբ, ապա այն պարտավոր է ապահովել ոչ միայն մեղադրանքը, այլև այնպիսի դատավարություն, որի անկախության և անաչառության նկատմամբ ողջամիտ կասկած չի մնա ։ Այստեղ է այս պատմության ամենավտանգավոր հանգույցը։ Հայաստանի դատական համակարգը երկար տարիներ մեղադրվել է գործադիր իշխանությունից կախված լինելու մեջ։ Դրանից ազատվելը անհրաժեշտ էր։ Բայց անկախությունը չի նշանակում, որ դատական իշխանությունը կարող է վերածվել փակ կորպորացիայի, որտեղ քաղաքականապես ծանր գործերը դատավորից դատավոր են ճանապարհորդում այնքան ժամանակ, մինչև պատասխանատվությունը լուծվի ընթացակարգերի մեջ։ Դատական անկախությունը դժվար գործից հրաժարվելու իրավունքը չէ։ Այն դժվար գործը առանց վախի քննելու հնարավորությունն է։ Նույնը վերաբերում է դատախազությանը։ Խաչատուր Գալստյանը կարող էր աշխատանքից հեռանալու բազմաթիվ անձնական կամ մասնագիտական պատճառներ ունենալ։ Բայց երբ հեռանում է հենց այն դատախազը, որը քրեական հետապնդում է իրականացրել Հայաստանի ամենազգայուն գործերից մեկով, հանրային շահը պահանջում է հնարավորինս սպառիչ բացատրություն։ Ոչ նրա անձնական կյանքի մասին, այլ՝ մեկ պարզ հարցի շուրջ. արդյո՞ք նրա հեռանալը որևէ կերպ կապված է այս գործի հետ, և ո՞վ է այժմ ստանձնելու պետական մեղադրանքի պատասխանատվությունը , որովհետև արդեն հարցը միայն Գարեգին Բ-ի մասին չէ՝ սա պետության ինստիտուտների քննությունն է։ Եկեղեցին իրավունք չունի իրեն օրենքից վեր դասելու։ Գործադիր իշխանությունն իրավունք չունի կանխորոշելու դատարանի վճիռը։ Իսկ դատավորն ու դատախազը իրավունք չունեն իրենց վարքագծով հասարակությանը ստիպելու հարցնել՝ ո՞ր ճամբարին են պատկանում ։ Դատարանը պետք է լինի բոլորի դատարանը՝ վարչապետի, Կաթողիկոսի, իշխանության հակառակորդի և իշխանության կողմնակցի։ Հենց այդ պատճառով այս գործն այլևս հնարավոր չէ թողնել դատաիրավական միջանցքներում։ Վճռաբեկ դատարանը պետք է լուծի ընդդատության հարցը։ Գործը պետք է հասնի դատաքննության։ Մեղադրանքը պետք է հրապարակայնորեն ապացուցվի կամ փլուզվի։ Երրորդ ճանապարհ չկա, որովհետև երբ պետությունը մեղադրանք է առաջադրում, բայց ամիսներ շարունակ չի կարողանում հասնել դատաքննության, վերջում դատվողը ոչ միայն մեղադրյալն է լինում։ Դատվում է հենց պետության կարողությունը՝ օրենքը հավասար կիրառելու բոլորի նկատմամբ։



