Սեպտեմբերի 8-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովն ընդունել է Ադրբեջանում այցով գտնվող ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ-ի՝ Ադրբեջանում ժամանակավոր հավատարմատար Էմի Կարլոնը։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը, խաղաղ գործընթացի առաջմղումը, երկարաժամկետ և կայուն խաղաղության ապահովումը, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդումը։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև Էլնուր Մամեդովի՝ Վաշինգտոն կատարած այցի արդյունքների շուրջ։ Այցը տեղի էր ունեցել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի և ստորագրված եռակողմ հռչակագրի տարեդարձի կապակցությամբ։ Քննարկվել են նաև «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղու» (TRIPP) իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև երթուղու հետ կապված ենթակառուցվածքների շինարարությունը ղեկավարող TRIPP Development Company-ի ստեղծման հարցը։ Բացի այդ, կողմերն անդրադարձել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի երկկողմ օրակարգին և Ռազմավարական գործընկերության մասին խարտիայում ամրագրված ուղղություններով հետագա համագործակցության հեռանկարներին։



