Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը կրկին փորձում է վերականգնել միջուկային զենք ստեղծելու հնարավորությունները։ Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ ևս հայտարարել էր այդ մասին։ «Այն բանից հետո, երբ մենք ոչնչացրինք միջուկային ռումբեր արտադրելու նրա անմիջական հնարավորությունները, նրանք կրկին փորձում են դա անել»,– ասել է Նեթանյահուն։ Ելույթ ունենալով Արևմտյան պատի մոտ՝ Ռոշ Հաշանայի նախօրեին, Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ քանի դեռ զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, Իրանը միջուկային զենք չի ունենա։ «Երդվում եմ՝ քանի դեռ ես վարչապետ եմ, Իրանը միջուկային զենք չի ունենա»,- ասել է նա։ Նեթանյահուն անդրադարձել է նաև Իսրայելի ռազմական գործողություններին՝ նշելով, որ երկիրը հարվածներ է հասցնում «իրանական առանցքին» ոչ միայն Գազայի հատվածում, այլև Լիբանանում։ Նրա խոսքով՝ Իսրայելը ոչնչացրել է Բոֆորի լեռնաշղթայի դիրքերը, իսկ այժմ գործողություններ է իրականացնում Ալի Թահերի լեռնաշղթայի շրջանում։ «Առջևում դեռ շատ բան կա»,- հայտարարել է Նեթանյահուն։



