Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն անդրադարձել է մայիսի 4-5-ին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնք հարթակի 8-րդ և Հայաստան-Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովներին ու այդ ֆոնին՝ Վլադիմիր Զելենսկիի սպասվող այցին Երևան։ Մարկեդոնովն իր թելեգրամյան էջում «Վլադիմիր Զելենսկու այցը Երևան․ դիվանագիտական ազդա՞կ, թե՞ պարզապես գագաթնաժողովի ընթացակարգային տարր» վերտառությամբ գրառման մեջ գրում է, որ առաջին հայացքից այդ միջոցառումներին Զելենսկիի անձնական ներկայության նշանակությունը չարժե գերագնահատել․ նրա մասնակցությամբ, թե առանց՝ երևանյան ֆորումների գաղափարական ուղղվածությունն ակնհայտ է։ Վերլուծաբանը հիշեցնում է, որ անցյալ տարի Կոպենհագենի ԵՔՀ գագաթնաժողովի արդյունքներն ամփոփելիս՝ Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը հայտարարել էր․ «Բոլորին պարզ է, որ Ռուսաստանը սպառնալիք է ոչ միայն Ուկրաինայի, այլև ողջ Եվրոպայի համար»։ Իհարկե, ըստ նրա, ԵՄ երկրների ղեկավարներն ամբողջ աշխարհը չեն ներկայացնում, սակայն ՌԴ-ի համար կարևոր է հասկանալ և փոխանցել այս քաղաքական «նեթվորքինգի» ընդհանուր մթնոլորտը։



