Գանձասարը պետք է դառնա ապացույց

Գանձասարի շուրջ տեղի ունեցածը միայն պատմության կեղծման հերթական դրվագ չէ։ Իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը շատ կարևոր հանգամանքի վրա է ուշադրություն հրավիրել․ Հայաստանը կատարվածը պետք է դիտարկի ոչ միայն որպես քարոզչական միջադեպ, այլ որպես միջազգային իրավական գործընթացում օգտագործելի ապացույց ։ Ադրբեջանը շուրջ 150 օտարերկրյա դիվանագետների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ներկայությամբ հայկական միջնադարյան վանական համալիրը ներկայացրել է որպես «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն, իսկ Հասան Ջալալին՝ որպես «աղվանական իշխան»։ Վրդովվելը բնական է։ Բայց պետության համար վրդովմունքը բավարար չէ։ Գանձասարը հիմա պետք է դառնա ապացույց։ Ինչպես հիշեցնում է Տարոն Սիմոնյանը, 2021 թվականի դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմն ու պղծումը՝ հատուկ հիշատակելով եկեղեցիները, պաշտամունքի վայրերը, հուշարձանները, գերեզմանոցներն ու մշակութային արժեքները։ Այդ իրավական փաստը ամբողջ պատմությունը փոխում է՝ այլևս խոսքը միայն Բաքվի և Երևանի մրցակցող պատմագրությունների մասին չէ։ Ղարաբաղի հայկական ժառանգությունն արդեն միջազգային դատական գործընթացի առարկա է։ Եվ յուրաքանչյուր նոր դեպք պետք է ոչ միայն հրապարակայնորեն դատապարտվի, այլև հավաքվի, թվագրվի, քարտեզագրվի և իրավականորեն ներկայացվի։ Գանձասարի դեպքում պետք է պահպանվեն այցի մասնակիցների ցանկը, Հիքմեթ Հաջիևի հայտարարությունները, ադրբեջանական պաշտոնական հաղորդագրությունները, տեսանյութերն ու լրատվական հրապարակումները։ Դրանց կողքին պետք է դրվեն վանքի հայերեն արձանագրությունները, պատմագիտական աղբյուրներն ու մասնագիտական եզրակացությունները։ Ոչ թե որովհետև ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարությունը ինքնին բավարար է միջազգային իրավունքի խախտում ապացուցելու համար, այլ որովհետև պատմական ինքնության վերագրումը պետք է դիտել ավելի լայն շղթայի մեջ։ Ստեփանակերտում հայկական եկեղեցիներ են ոչնչացվել։ Շուշիի պատմական հայկական գերեզմանոց է հողին հավասարեցվել։ Այլ հուշարձանների շուրջ արձանագրվել են հայկական պատկանելության նշանների փոփոխման կամ վերագրման վերաբերյալ մտահոգություններ։ Այդ համատեքստում «սա հայկական չէ» պետական թեզը պարզապես ակադեմիական վեճ չէ։ Այն կարող է դառնալ նյութական ժառանգության հետագա փոփոխությունների գաղափարական նախապատրաստություն։ Տարոն Սիմոնյանն առաջարկում է դիտարկել նաև Դատարանի կանոնակարգի 76-րդ հոդվածով լրացուցիչ կամ ճշգրտված միջոցներ խնդրելու հնարավորությունը, ինչպես նաև ակտիվացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Ռասայական խտրականության վերացման կոմիտեի մեխանիզմները։ Սա արդեն այն լեզուն է, որով պետությունը պետք է խոսի՝ ոչ թե միայն բողոք, այլ ընթացակարգ, փաստաթուղթ և իրավական հետևանք։ Պատմությունը նման մեխանիզմներ բազմիցս տեսել է։ Մշակութային ժառանգությունը ոչնչացնելու համար առաջինը փոխում են նրա անունը, հետո՝ պատմությունը, հետո՝ արձանագրությունը, և վերջում քարն այլևս ոչ մեկին չի պատմում, թե ում հիշողությունն էր կրում։ Օտարերկրյա դեսպանների դերն այստեղ ևս սառնասրտորեն պետք է գնահատել ։ Նրանց ներկայությունը չի նշանակում, որ իրենց պետությունները ընդունել են Ադրբեջանի պատմական վարկածը, բայց Բաքուն հենց նրանց ներկայությունն է օգտագործում իր պատումը միջազգային բնականության տեսքով ներկայացնելու համար, ուստի Հայաստանը պետք է դիմի այդ պետություններին ոչ թե վիրավորվածության լեզվով, այլ փաստաթղթով։ Յուրաքանչյուր դեսպան, որը մտել է Գանձասար, պետք է Հայաստանից ստանա Գանձասարի ամբողջ գիտական և իրավական թղթապանակը՝ արձանագրություններով, պատմական աղբյուրներով և միջազգային իրավական փաստաթղթերով։ Սա է մերօրյա ռեալպոլիտիկի ամենադաժան կողմերից մեկը։ Պետությունները կարող են շարունակել համագործակցել Ադրբեջանի հետ՝ էներգիայի, ճանապարհների կամ խաղաղության համար, նույնիսկ երբ անհարմար հարցերում գերադասում են լռել։ Հայաստանը դա չի կարող արգելել, բայց կարող է այնպես անել, որ այդ լռությունը երբեք չդառնա փաստի բացակայություն։ Գանձասարը պաշտպանելու համար այսօր պարտադիր չէ այնտեղ զինվոր ունենալ , պետք է ունենալ ապացույց, միջազգային իրավական հիշողություն և պետություն, որը ոչ մի դեպք չի թողնում չփաստագրված ու անհետևանք։ Եվ այստեղ վերոնշյալ առաջարկի կարևորությունը հենց սա է․ Գանձասարի հարցը պետք է հանել միայն քարոզչական հակազդեցության դաշտից և տեղափոխել միջազգային իրավունքի դաշտ ։ Եթե Հայաստանը այսօր չի վերահսկում Գանձասարի դարպասը, պարտավոր է գոնե թույլ չտալ, որ ուրիշը վերահսկի Գանձասարի պատմությունը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13160

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով