Ռուսական ատոմակայանի քաղաքական գինը

Հայաստան-Ռուսաստան առաջիկա բանակցությունների շուրջ շրջանառվում է առաջին հայացքից գործնական մի գաղափար․ եթե Մոսկվան համաձայնի Հայաստանի երկաթուղու կառավարման այնպիսի լուծման, որը չի խոչընդոտի երկրի բացվող միջազգային հաղորդակցություններին, Հայաստանը կարող է ռուսական կողմին հնարավորություն տալ կառուցելու նոր ատոմակայանը։ Այդպիսի գործարքը թղթի վրա նույնիսկ տրամաբանական է թվում՝ ռազմավարական մի ակտիվի շուրջ զիջում մյուս ռազմավարական նախագծում մասնակցության դիմաց։ Բայց ատոմակայանը երկաթուղային կոնցեսիա չէ։ Այն կառուցվում է տասնամյակների համար և միաժամանակ որոշում է երկրի էներգետիկ անվտանգությունը, տեխնոլոգիական կախվածությունը և արտաքին քաղաքական խոցելիությունը, և հարցը այն թե, Ռոսատոմը կարո՞ղ է ռեակտոր կառուցել, թե ոչ: Կարող է։ Հարցն այն է՝ արդյո՞ք Ռուսաստանն այսօր կարող է վստահելիորեն ավարտել Հայաստանում այդպիսի նախագիծը՝ ժամանակին, ժամանակակից տեխնոլոգիաներով և առանց աշխարհաքաղաքական կախվածությունների այնպիսի շղթայի, որի գինը տարիներ անց վճարելու է Հայաստանը։ Թուրքական Աքքույուն այստեղ լավագույն փորձաքարն է։ Թուրքիան Ռուսաստանի հետ Աքքույուի ատոմակայանի համաձայնագիրը ստորագրել է դեռ 2010 թվականին, առաջին բլոկի շինարարությունը սկսել՝ 2018-ին։ Առաջին էլեկտրաէներգիան նախատեսվում էր ստանալ 2023 թվականին։ Այսօր արդեն 2026 թվականն է, և առաջին բլոկը դեռ գործարկման փուլում է։ Հունիսին միայն ավարտվեցին դրա հիմնական շինարարական աշխատանքները, իսկ Անկարան հիմա առաջին էլեկտրաէներգիան ակնկալում է մինչև տարեվերջ։ Ուշացումների պատճառները միայն շինարարական չեն։ 2024-ին Թուրքիայի էներգետիկայի նախարարն արդեն բացահայտ հայտարարում էր, որ Siemens Energy-ն չի մատակարարել անհրաժեշտ սարքավորումները՝ գերմանական արտահանման սահմանափակումների պատճառով, և ռուսական կողմը ստիպված է եղել դրանց փոխարինողներ գտնել Չինաստանում։ Հետագայում շուրջ երկու միլիարդ դոլարի վճարումներ էլ սառեցվել էին JPMorgan-ում։ Ռոսատոմն ամբողջությամբ արևմտյան պատժամիջոցների տակ չէ, բայց նրա ղեկավարությունը, մի շարք դուստր ձեռնարկություններ և միջուկային ու ռազմական արդյունաբերության հետ կապված կառույցներ արդեն հայտնվել են ամերիկյան ու եվրոպական սահմանափակումների տակ, իսկ Ռուսաստանին միջուկային տեխնոլոգիաների և զգայուն սարքավորումների հասանելիությունը զգալիորեն սահմանափակվել է հետևաբար Աքքույուի դասը պարզ է․ ռուսական ռեակտոր ունենալու կարողությունը դեռ չի նշանակում ռուսական նախագծի անխափան իրականացման կարողություն ։ Հայաստանի համար այս հարցը հատկապես հրատապ է մեկ այլ պատճառով ևս: Դեռ մարտին կառավարությունը հայտարարում էր փոքր մոդուլային ռեակտորների ուղղությամբ գնալու որոշման մասին, բայց ընդամենը ամիսներ անց երկրի էներգետիկ հաշվարկները սկսեցին փոխվել։ Firebird AI-ի միայն ծրագրված ենթակառուցվածքը նախատեսվում է հասցնել ավելի քան 400 մեգավատ հզորության, իսկ կառավարությունն արդեն ընդունում է, որ արհեստական բանականության գործարանների ներդրումային ծրագրերը կարող են ստիպել ամբողջությամբ վերանայել Հայաստանի էներգետիկ ռազմավարությունը։ Վարչապետն օգոստոսին հայտարարեց, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում Հայաստանը պետք է վերջնականապես որոշի՝ ում հետ և ինչ ատոմակայան է կառուցելու։ Այսինքն՝ ընտրությունը դառնում է ավելի մեծ, քան պարզապես «ռուսական, ամերիկյան կամ կորեական ռեակտոր» հարցը։ Հայաստանը ընտրում է իր հաջորդ հիսուն տարվա էներգետիկ գործընկերոջը և այստեղ տեխնոլոգիայից հետո սկսվում է աշխարհաքաղաքականությունը։ Թուրքիան տարիներ շարունակ պահանջել է Մեծամորի ատոմակայանի փակում և հարցը հասցրել նույնիսկ Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն։ Ադրբեջանն էլ հետևողականորեն միջազգային հարթակներում Հայաստանի միջուկային ծրագիրը ներկայացնում է որպես տարածաշրջանային վտանգ և հանդես է գալիս դրա գործողության ու ընդլայնման դեմ։ Նրանց իրական շարժառիթների մասին կարելի է վիճել։ Անվտանգության մասին փաստարկները մի մասը կարող են լինել։ Բայց հայկական ատոմակայանն ունի նաև ակնհայտ ռազմավարական նշանակություն․ այն նվազեցնում է Հայաստանի կախվածությունը ներկրվող գազից և ստեղծում սեփական բազային էլեկտրաէներգիայի արտադրություն։ Հայաստանի վարչապետն ինքը միջուկային էներգետիկան բնորոշել է որպես երկրի էներգետիկ անվտանգության և ինքնիշխանության կարևոր հենարան ու հենց այստեղ է առաջանում ռուսական տարբերակի ամենաբարդ հարցը։ Եթե նոր հայկական ատոմակայանի ճակատագիրը տասնամյակներով կախված է լինելու Ռուսաստանի ֆինանսավորումից, տեխնոլոգիայից, վառելիքից և քաղաքական կամքից, Հայաստանը պետք է հարցնի՝ ինչ կլինի, եթե մի օր այդ նախագիծը հակասի Մոսկվայի ավելի կարևոր հարաբերություններին Անկարայի կամ Բաքվի հետ : Սա տեսական ենթադրություն չէ, սա վերջին տարիների փորձից բխող ռիսկի գնահատում է։ 2020-ից 44-оրյա պատերազմից հետո հետո Հայաստանը բազմիցս առերեսվել է այն իրողությանը, որ Ռուսաստանի հետ ստորագրված պայմանագրերն ու անվտանգության վերաբերյալ քաղաքական հավաստիացումները գործնական պաշտպանություն չեն ապահովում։ 2021 և 2022 թվականներին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակումների ժամանակ Մոսկվայի և ՀԱՊԿ-ի արձագանքը հենց այդ պատճառով Երևանում ընկալվեց որպես ստանձնած պարտավորությունների փաստացի չկատարում։ Իսկ 2023-ին ռուս խաղաղապահների ներկայությունը չկանխեց Լեռնային Ղարաբաղի հայաթափումը։ Այս փորձից հետո Հայաստանը չի կարող իր որևէ նոր ռազմավարական ենթակառուցվածք կառուցել միայն Մոսկվայի քաղաքական հավաստիացումների վրա, առավել ևս, երբ Ռուսաստանն այսօր Թուրքիայի և Ադրբեջանի կարիքն ունի առևտրի, էներգետիկայի, լոգիստիկայի, պատժամիջոցները շրջանցող հաղորդակցությունների և Հարավային Կովկասում սեփական ներկայությունը պահպանելու համար։ Սա ամենևին չի նշանակում, որ Հայաստանը չպետք է բանակցի Ռոսատոմի հետ։ Պետք է։ Ռուսական միջուկային արդյունաբերությունը դեռ ունի հսկայական փորձ, գործող տեխնոլոգիաներ և Հայաստանի ներկայիս կայանի հետ տասնամյակների աշխատանքի պատմություն, բայց եթե քննարկվում է ռուսական նոր ատոմակայան, Հայաստանը պետք է պահանջի ոչ թե քաղաքական հավաստիացումներ, այլ կառուցվածքային ապահովագրություն՝ հստակ ժամկետներ, միջազգային մատակարարների հասանելիություն, պատժամիջոցային ռիսկերի բաշխում, ֆինանսավորման երաշխիքներ, ուշացումների պատասխանատվություն, տեխնոլոգիական այլընտրանք և պայմաններ, որոնց դեպքում Հայաստանը կարող է առանց նոր ճգնաժամի փոխել գործընկերոջը։ Երկաթուղու խնդիրը նույնպես պետք է լուծել այդ տրամաբանությամբ՝ Ռուսաստանն ու Հայաստանը արդեն համաձայնել են լուծում փնտրել, որովհետև գործող կոնցեսիոն համակարգը, ըստ Երևանի, կարող է խոչընդոտել Հայաստանի ինտեգրմանը նոր միջազգային երկաթուղային ցանցերին, բայց վտանգավոր կլինի մի կախվածությունից դուրս գալու գինը դարձնել մեկ ուրիշ, շատ ավելի երկարատև կախվածության ստեղծումը։ Ռուսաստանի հետ կարելի է գործարքներ կնքել։ Չի կարելի դրանց հիմքում դնել այն ենթադրությունը, որ Մոսկվայի և Երևանի շահերը վաղը, հաջորդ օրը նույնպես համընկնելու են։ Հայաստանի նոր ատոմակայանը պետք է կառուցվի ոչ թե այն երկրի հետ, որն այսօր լավագույն քաղաքական առաջարկն է անում, այլ այն համակարգով, որը կշարունակի աշխատել նույնիսկ այն օրը, երբ Հայաստանի և այդ երկրի քաղաքական շահերը այլևս չեն համընկնի։ Ատոմակայանը կառուցվում է կես դարի համար։ Իսկ կես դարի անվտանգությունը չի կարելի փոխանակել մեկ բանակցության հաջողության հետ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13182

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով