Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողական միջոցառում է իրականացվել անհատ ձեռնարկատել Արթուր Մուրադյանին պատկանող հացի և հացաբուլկեղենի արտադրամասում (Կոտայքի մարզ, ք․ Բյուրեղավան), որի ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: Մասնավորապես՝ – սահմանված չի եղել և չի իրականացվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն, – արտադրամասի նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը, – չի ապահովվել տեխնոլոգիական գործառնությունների իրականացման համար անհրաժեշտ տարածությունը, արտադրական շինության մակերևույթին կոնդենսատի, բորբոսի առաջացումից պաշտպանությունը, պարենային հումքի պահպանման պայմանները, – պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից, – առաստաղները և արտադրական շինությունների վերևում գտնվող կառուցվածքները չեն եղել ապահով, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից կամ այդպիսի մակերևույթներից մասնիկների թափվելու վտանգը, -սննդի կառույցը սարքավորված չի եղել սանհանգույցով, չի ունեցել հանդերձարան անձնակազմի համար։ Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսվարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և այն համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:



