Քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթությունները կրթության ոլորտում․ հանդիպում ՀԲ ներկայացուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Աննա Բաբաջանյանն ու Քրիստինա Թաթարյանն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի պատասխանատու Ինգա Աֆանասևայի հետ: Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ կարևորելով Համաշխարհային բանկի գործընկերային աջակցությունը ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթություններն ու տեսլականը՝ կրթության ոլորտում շարունակվող բարեփոխումների համատեքստում, ոլորտի հիմնական մարտահրավերներն ու հնարավորությունները, ինչպես նաև Համաշխարհային բանկի հետ համագործակցության ուղղությունները։ Ներկայացնելով հանրակրթության ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթությունները՝ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը տեղեկացրել է՝ 300 դպրոցների և 500 նախադպրոցական ուսումնական հաստատությունների կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման ծրագրի ընթացիկ փուլը մինչև տարեվերջ կավարտվի։ Զուգահեռաբար Կառավարության նոր ծրագրով նախատեսվում է աշխատանքների նոր փուլի մեկնարկ, որտեղ ևս ՀԲ-ն կարող է ունենալ գործընկերային աջակցություն։ Նշվել է, որ Կառավարության նոր ծրագրով նախատեսվող կարևոր քայլերից է «Ուսուցչի կարգավիճակի մասին» առանձին օրենքի մշակումը, որով նախատեսվում է առավել հստակ ամրագրել ինչպես ուսուցչի դերն ու կարգավիճակը, այնպես էլ սոցիալական պաշտպանության երաշխիքները: Անդրադարձ է եղել ուսուցիչների ատեստավորման և մասնագիտական շարունակական զարգացման համակարգերի կատարելագործմանը, PISA միջազգային գնահատման արդյունքների վերլուծությանը, ոլորտի բարեփոխումներում տվյալների խորքային ուսումնասիրության և հետագա քաղաքականությունների մշակման արդյունավետությանը։ Անդրադարձ է կատարվել նաև դպրոցներում բնագիտական և ինժեներական սարքավորումներով հագեցած ժամանակակից լաբորատորիաների հիմնմանը, Համաշխարհային բանկի աջակցությամբ նախակրթարանների ստեղծմանն ու նախադպրոցական կրթական ծրագրերի բարելավմանը։ Համաշխարհային բանկի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել շարունակելու աջակցությունը ՀՀ կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին։ Կողմերը պայմանավորվել են շարունակել մասնագիտական երկխոսությունը՝ ՀՀ կառավարության կրթական առաջնահերթությունների ուղղությամբ համագործակցությունը շարունակելու նպատակով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 13541

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով