Ինքնիշխանության մասին տարածված սխալներից մեկը այն միայն արտաքին քաղաքականության հարց համարելն է։ Ամերիկացի քաղաքագետ և Ստենֆորդի համալսարանի պրոֆեսոր Ֆրենսիս Ֆուկույաման, որը հայտնի է պետության, ժողովրդավարության և քաղաքական զարգացման վերաբերյալ իր աշխատություններով, պետական կառավարման որակը կապում է երկու առանցքային հատկանիշի՝ կարողության և մասնագիտական ինքնուրույնության հետ։ Նրա մոտեցմամբ՝ ուժեղ պետությունը այն պետությունն է, որը կարողանում է իր որոշումները վերածել իրական գործողության։ Ստենֆորդի միջազգային հարաբերությունների տեսաբան Սթիվեն Կրասներն ինքնիշխանության պատմությունը ուսումնասիրելիս ցույց է տվել նաև մեկ այլ բան․ միջազգային ճանաչումը ինքնին չի ապահովում իրական վերահսկողություն։ Պետության ազատությունը կախված է նրա ներքին կարողություններից, ուժային ռեսուրսներից և այն միջազգային միջավայրից, որի մեջ նա գործում է։ Այս պատճառով անկախությունը շատ գործնական բովանդակություն ունի։ Այն ամրապնդվում է գործող պետական համակարգերով՝ սահմանների պաշտպանությամբ, արդյունավետ հարկային համակարգով, անկախ ու վստահելի դատարաններով, կայուն էներգետիկ ենթակառուցվածքներով, որակյալ կրթությամբ, բանակի ժամանակակից կառավարմամբ, տվյալների պաշտպանությամբ և աշխատող ճանապարհներով ու երկաթուղով։ Պետականության ամենակարևոր հիմքերը հաճախ ամենաքիչ տեսանելի համակարգերն են։ Դրանց հուսալի աշխատանքն է պետությանը տալիս իրական կարողություն և դիմադրունակություն։ Ուժեղ պետությունը կարողանում է հավաքել հարկերը, պաշտպանել իր տարածքը, ապահովել էներգետիկ անվտանգությունը, պահպանել տվյալները, պատրաստել մասնագետներ և օրենքը հավասար կիրառել ամբողջ երկրում։ Այս իմաստով Անկախության օրը նաև պետության իրական կարողությունները չափելու օր է։ Ինքնիշխանության խորությունը հնարավոր է պարզել մի քանի հիմնարար հարցով․ որքան լայն է պետության ինքնուրույն գործելու կարողությունը , որքան կայուն են նրա համակարգերը ճգնաժամի պահին, ինչ պաշար ունի ռազմավարական ոլորտներում և որքան վստահություն ունեն քաղաքացիները դատարանի, բանակի, դպրոցի ու պետական կառավարման նկատմամբ։ Այս հարցերի պատասխաններն ավելի շատ բան են ասում անկախության իրական վիճակի մասին, քան ամենահնչեղ քաղաքական հայտարարությունները։ Հայաստանի անկախության հաջորդ փուլը հենց պետական կարողությունների խորացումն է։ Յուրաքանչյուր ամուր կառույց, յուրաքանչյուր աշխատող համակարգ և յուրաքանչյուր նոր հնարավորություն մեծացնում է երկրի որոշումների ազատությունը։ Պետությունն է անկախությունը դարձնում գործնական իրականություն։



