Երեսունհինգ տարի առաջ Հայաստանը անկախություն հռչակեց։ Բայց պետությունների կյանքում անկախությունը մեկ անգամ ընդունված որոշում չէ։ Այն ամեն օր վերահաստատվող ընտրություն է՝ սեփական սահմանների, սեփական ինստիտուտների, սեփական արտաքին քաղաքականության և սեփական ապագայի նկատմամբ պատասխանատվություն ստանձնելու ընտրություն։ Բայց պատմությունը ցույց տվեց, որ հանրաքվեի հարցը միայն մեկ օրվա համար չէր։ Այն շարունակվում է մինչև այսօր։ Ամեն սերունդ իր ձևով պետք է պատասխանի՝ արդյո՞ք պատրաստ է վճարել ինքնիշխանության գինը, կառուցել արդյունավետ պետություն և չփոխանակել ազատ որոշելու իրավունքը կարճաժամկետ անվտանգության կամ հարմարավետության հետ։ Երեսունհինգ տարի անց սեպտեմբերի 21-ը մեզ վերադարձնում է այդ նույն հիմնարար հարցին։ Հայաստանը երեսունհինգ տարվա ընթացքում ունեցել է հաղթանակներ, ծանր պարտություններ, պատերազմ, շրջափակում, քաղաքական ցնցումներ և մարդկային մեծ կորուստներ։ Բայց պետության գոյության իմաստը հենց այն է, որ պատմությունը որևէ պարտությամբ չի ավարտվում։ Անկախությունն այն համակարգն է, որը ժողովրդին հնարավորություն է տալիս նույնիսկ ամենածանր հարվածից հետո վերականգնել ուժերը, վերանայել սխալները և նորից կառուցել ապագան։ Այս պատճառով սեպտեմբերի 21-ը ոչ միայն հիշողության, այլև շարունակության օր է։ ՀՅՈՒՐ Հրապարակախոս Հայկ Հովյան Առավել մանրամասն՝ տեսանյութում



