Վենեսուելայի Մարակայբո քաղաքում՝ Վերեդա դել Լագո այգում, բրոնզե հուշարձան է տեղադրվել «Ցունամի» անունով փրկարար շան պատվին։ Շունը երկրաշարժից հետո օգնել էր փլատակների տակ հայտնաբերել 26 մարդու։ Հունիսի 24-ի կրկնակի երկրաշարժից հետո շունը երկրի համար դարձել է խիզախության, հավատքի և համերաշխության խորհրդանիշ։ Նա փրկարարների հետ աշխատել է ամենավտանգավոր հատվածներում։ «Ցունամի»-ի կյանքը հեշտ չի սկսվել․ դեռ փոքր հասակում նա հայտնվել էր փողոցում և դաժան վերաբերմունքի հետևանքով վնասվածքներ ստացել։ Կամավորները փրկել են նրան և տեղափոխել աղետներին արձագանքող շների պատրաստման կենտրոն։ 2023 թվականին «Ցունամին» մասնակցել է նաև Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո իրականացված փրկարարական աշխատանքներին, որտեղ նույնպես օգնել է տասնյակ մարդկանց հայտնաբերել։



