Չիլիի Ատակամա անապատը անձրևների շնորհիվ ծաղկել է

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը սոցցանցի իր էջում գրել է. «Չիլիի Ատակամա անապատում՝ Երկրագնդի ամենաչոր վայրերից մեկում, Էլ Նինյո կլիմայական երևույթի ազդեցությամբ տեղացած անձրևներից հետո հրաշագեղ ծաղիկներ են բացվել։ Սովորաբար չոր հողի տակ շուրջ 200 բուսատեսակի միլիոնավոր սերմեր ու սոխուկներ տարիներով սպասում են ջրին։ Չիլիի հյուսիսում վերջերս տեղացած հորդառատ անձրևներն արթնացրել են այդ թաքնված կյանքը։ Այժմ անապատը ծածկված է մանուշակագույն ծաղիկների ընդարձակ գորգերով, իսկ ճաքճքած հողից դուրս են գալիս ճերմակ ծաղկաբողբոջներ։ Չիլիի անտառային ազգային կորպորացիայի՝ CONAF-ի Ատակամայի կենսաբազմազանության բաժնի մասնագետների տվյալներով՝ որոշ շրջաններում սեզոնային տեղումների քանակը գերազանցել է 180 միլիմետրը․ նման ցուցանիշ նախկինում չէր արձանագրվել։ Ջուրը սովորականից ավելի խորն է ներծծվել ավազի մեջ՝ նոր կյանք հաղորդելով Սանտյագոյից մոտ 800 կիլոմետր հյուսիս գտնվող բնության պահպանվող տարածքին։ CONAF-ի գնահատմամբ՝ «ծաղկող անապատ» երևույթն իր գագաթնակետին կհասնի հոկտեմբերին, երբ շուրջ 15 հազար հեկտար տարածք կվերածվի ծաղկային դրախտի։ Ատակամայում աշխուժացել է նաև կենդանական աշխարհը․ բազմանում են միջատները, խխունջները, թռչունները, սողուններն ու կաթնասունները։ Մեղուները փոշոտում են ծաղիկները, իսկ բզեզները սնվում են օրգանական մնացորդներով և ազոտով հարուստ արտաթորանքով պարարտացնում հողը՝ նախապատրաստելով այն հաջորդ անձրևին»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14396

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով