Ապրիլի 15-ին, երբ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Գյումրի, շատ գյումրեցիներ իրենց վրդովմունքն էին արտահայտել տեսախցիկներ առջև՝ ասելով, որ Գյումրիում ո՛չ Փաշինյանին են սպասում, ո՛չ էլ նրա «Վարչաբենդի» համերգին։ Լրագրողների հետ զրույցում իր դժգոհությունն էր արտահայտել նաև գյումրեցի Ջուլիետա Ավետիսյանը, ասելով, որ երկրի ներկայիս վիճակից շատ դժգոհ է։ «Արցախ հանձնողն ինչպե՞ս կարող է պարզերես գալ Գյումրի, Հայաստանում խայտառակ վիճակ է։ Մենք մեր սեփական հողի վրա գերի ենք, երես էլ ունի, Գյումրի է եկել, հա՞»,- ասել էր գյումրեցի կինը։ Այս ամենից օրեր անց իրեն բլոգեր անվանող Նատալի Ալեքսանյան անուն-ազգանունով օգտատերը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել Ջուլիետա Ավետիսյանի վերաբերյալ՝ասելով, որ իբր իր հետևորդներից մեկը դիմել է իրեն և տեղեկացրել, որ՝ «Ջուլիետա Ավետիսյանն աշխատում է ՀՀ իշխանությունների դեմ և գումարով մարդ է հավաքում, ուստի այդ մասին պետք է տեղեկացնի համապատասխան մարմիններին»։



