ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հանդիպել է Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամի հետ։ Աս մասին հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարությունը։ Ռուբիոն վերահաստատել է Միացյալ Նահանգների հաստատակամ հանձնառությունն՝ աջակցելու Լիբանանին եռակողմ շրջանակային համաձայնագրի իրականացման գործում, ինչը Լիբանանի և Իսրայելի միջև կայուն խաղաղության հասնելու միակ ուղին է։ Նա բարձր է գնահատել վարչապետ Սալամի կառավարության ջանքերն՝ ուղղված պետական իշխանության տարածմանը, և վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունն ինքնիշխան Լիբանանի պետությանը, որը «զերծ կլինի «Հեզբոլլահ»-ի և Իրանի կործանարար ազդեցությունից»։ Լիբանանի վարչապետն իր հերթին X հարթակում գրառման մեջ նշել է, որ հանդիպման ընթացքում ընդգծել է եռակողմ շրջանակային համաձայնագրի ակտիվացման փուլ անցնելու և փոխադարձության ու փուլային իրականացման սկզբունքները գործնական քայլերի և տեղում շոշափելի արդյունքների վերածելու անհրաժեշտությունը։ «Սա կհանգեցնի Լիբանանի լիակատար ինքնիշխանության վերականգնմանը, Իսրայելի լիակատար դուրսբերմանը Լիբանանի տարածքից և երկրի ողջ տարածքում զենքի նկատմամբ պետության վերահսկողության ապահովմանը», – նշել է նա։ Վարչապետը նաև ընդգծել է համաձայնագրում նշված պարտավորությունների իրականացման համար հստակ ժամանակացույց սահմանելու կարևորությունը։ Հունիսի 26-ին Իսրայելը և Լիբանանը Վաշինգտոնում ԱՄՆ-ի միջնորդությամբ շրջանակային համաձայնագիր են ստորագրել, համաձայն որի՝ իսրայելցի զինվորականները փուլ առ փուլ դուրս կբերեն իրենց զորքերը Լիբանանի հարավում գտնվող իրենց զբաղեցրած վայրերից, որից հետո Լիբանանի զինվորականները կվերահսկեն անվտանգության միջոցառումները և «Հեզբոլլահ»-ի զինաթափումը։ Չնայած ստորագրված համաձայնագրին՝ Իսրայելը շարունակում է թիրախավորել Լիբանանի հարավային շրջանները, որի հետևանքով հազարավոր մարդիկ տեղահանվել են, զոհվել ու վիրավորվել։



